Մատչելիության հղումներ

Կարգալույծ քահանան եկեղեցուն պատկանող բնակարանը կլքի, երբ դատարանի որոշում լինի

Մայր Աթոռի դեմ վարչապետի ծրագրին միացած նախկին հոգևորականը՝ Տեր Թադեն, եկեղեցուն պատկանող բնակարանից դուրս կգա միայն դատարանի որոշումից հետո:

«Եթե դատարանի վճիռ լինի, իհարկե, բնական է, պետք է դատական վճռին ենթարկվել»,- ասում է կարգալույծ քահանան։

Եկեղեցին դատարան է դիմել, որ կարգալույծ քահանան հանձնի բնակարանի բանալիները: Հայցը դատարանը վարույթ է ընդունել: Մինչև դատարան դիմելն էին պահանջել, որ Արամայիս Թախմազյանը եկեղեցուն պատկանող բնակարանի բանալիները հանձնի, բայց նա հրաժարվում է: Չի հանձնում նաև Թալինի Աուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները:

«Քանի դատարանի վճիռը չկա, ես կպայքարեմ իմ իրավունքների համար։ Եվ ոչ միայն իմ իրավունքների, այլև մեր եկեղեցու արդարության վերականգնման, որովհետև իմ պայքարը միայն իմ իրավունքի տեսանկյունից չի էլի, եկեղեցում արդարություն վերականգնելու, միահեծանության դեմ դուրս գալու մասին է նաև իմ պայքարը»,- շեշտում է Արամայիս Թախմազյանը։

Կաթողիկոսը այս քահանային կարգալույծ արեց ամիսներ առաջ, երբ նա միացավ Գարեգին Երկրորդին գահընկեց անելու Փաշինյանի պահանջին: Նախկին հոգևորականը չի ընդունում կաթողիկոսի որոշումը և իրեն կարգալույծ չի համարում: Պատարագներ է մատուցում, որ Էջմիածնից որակում են անօրինական: Եկեղեցին պահանջում է, որ դատարանն արգելի Արամայիս Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Փաշինյանի կողմն անցած մի նախկին քահանա ևս՝ Տեր Արամը, հրաժարվում է եկեղեցուն պատկանող բնակարանը վերադարձնել ու լքել Հովհաննավանքը: Ստեփան Ասատրյանի դեմ Մայր Աթոռի հայցն էլ վարույթ է ընդունվել: Երկու գործով էլ դատական նիստերը դեռ չեն սկսվել ու կարգալույծ քահանաները շարունակում են ապրել եկեղեցու բնակարաններում ու խորան բարձրանալ.

«Եկեղեցին ինչքան կաթողիկոսն է, այնքան ես եմ, որովհետև ես իմ կյանքը դրել եմ այս եկեղեցու մեջ, եթե դու դնում ես ինչ-որ մի բան, ուրեմն, նաև դու ունես անցած ճանապարհ այդ եկեղեցու մեջ և չեն կարող վարվել այնպես, ինչպես այդ պահին հաճելի է»,- ասում է Արամայիս Թախմազյանը։

Նախկին հոգևորականներն էլ Մայր Աթոռին էին դատի տվել, իրենց կարգալույծ անելու համար: Դատավորները հայցի ապահովման միջոց են կիրառել մինչև վերջնական որոշումը: Եկեղեցուն պարտավորեցրել են ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Ստեփան Ասատրյանի պաշտոնավարումը որպես Հովհաննավանքի հոգևոր հովիվ, Արամայիս Թախմազյանին՝ էլ Թալինի հոգևոր հովվի պաշտոնում: Դատարանի այս որոշումներին Մայր Աթոռից դեռ չեն արձագանքել:

Փաշինյանի ծրագրին միանալուց հետո նախկին հոգևորականները ծանրաբեռնված են իրավական գործերով: Նրանց ցուցմունքներով ազատությունից զրկվել է Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանը: Ստեփան Ասատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, թե 2021-ին Արագածոտնի թեմի առաջնորդը իրենց պարտադրել է մասնակցել ընդդիմության հավաքներին ու չընտրել Փաշինյանի կուսակցությանը: Հավաքներին մասնակցելու պարտադրանքի մասին, ըստ փաստաբանի, ցուցմունք է տվել նաև տեր Թադեն: Իսկ ինչո՞ւ որոշեցին այդ մասին խոսել չորս տարի անց։ Իշխանական աջակցությո՞ւն էին փնտրում ազատ խոսելու համար, այսօր հարցրինք Արամայիս Թախմազյանին:

«Երբ որ պահը գալիս է, այդ ժամանակ հանվում է ամեն ինչ։ Գիտե՞ք՝ դա ինչի է նման. ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը ծնվեց 1 թվականին, ինչո՞ւ Աստված ավելի շուտ չէր ծնվում մարդկության մեջ։ Պիտի հասունանա ժամանակը։ Գիտե՞ք, ասում է Աստված, ով է այն մարդը, երբ որ տուն է շինում, չի նստում և չի հաշվում. արդյոք, որ տուն կառուցի, ավարտին կհասցնի, թե կիսատ կթողնեն։ Էստեղ Աստվածաշնչյան տեսանկյունը փորձեմ Ձեզ տալ»,- պատասխանում է Արամայիս Թախմազյանը։

Մկրտիչ սրբազանը կաթողիկոսի քրոջ որդին է, ու նրա փաստաբանը պնդում է՝ երկու հոգու ցուցմունքով եպիսկոպոսին բանտարկեցին եկեղեցու դեմ արշավի շրջանակում, որ կաթողիկոսին ճնշեն:

XS
SM
MD
LG