Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց Հայաստանում կենսաթոշակները բարձրացնելու մասին հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ ավելի քան 623 հազար քաղաքացոի համար կենսաթոշակը բարձրանալու է 10 հազար և ավելի դրամով, ավելի քան 39,5 հոգու համար՝ շուրջ 8500 դրամով:
Նախատեսված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստի բարձրացում 10 հազար դրամով:
Որոշման վերաբերյալ մտահոգություններ ունի Ֆինանսների նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ Ֆիննախը նշել է, պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ տարեկան 78.7 մլրդ դրամի հատկացում, և ֆիսկալ կայունության տեսանկյունից այն կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի զգալի աճի արդեն 2026 թվականից սկսած և հետագա տարիներին, էապես սահմանափակելու է կառավարության՝ այլ ուղղություններով ծախսերի հնարավորությունները:
Ֆիննախը նաև շեշտել է, որ հաշվի առնելով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից բխող ծախսերի գծով զգալի ֆիսկալ ճնշումները և բազմաթիվ այլ ուղղություններով հավելյալ ծախսերը՝ սա բավականին ռիսկային է:
Նախարարությունն այս պատճառով առաջարկել է ներկայացնել ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկություններ, որոնց տնտեսումների հաշվին հնարավոր կլինի իրականացնել հավելյալ ծախսերի ֆինանսավորումը:
Վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան: Իսկ դրանից էլ վաղ պնդել էր, որ իրենց հետազոտություններով՝ թոշակառուները ամենաշատը ծախսում են առողջապահության վրա, կառավարությունն էլ արդեն իսկ ներդրել է առողջապահության ապահովագրությունը, և թոշակները բարձրացնելու կարիք չկա:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանել էր՝ մոտավոր հաշվարկներով՝ խոսքը տարեկան 75 միլիարդի մասին է, գումարներն էլ կառավարությունը վերցնելու է պահուստային ֆոնդից: