Մատչելիության հղումներ

«Կանալիզացիայի հոտը սպանում ա». Արթուր Օսիպյանը՝ Նուբարաշենի բանտի մասին

«Կոյուղու ու շրջակայքի աղբի հոտից փրկվելու միակ ելքը անընդհատ ծխելն էր», երեկ բանտից ազատ արձակվելուց հետո պատմում էր արցախցի Արթուր Օսիպյանը:

«Կանալիզացիայի հոտը սպանում ա: Դուռն ենք բացում՝ կանալիզացիայի հոտն ա գալիս, պատուհան ենք բացում աղբանոցի հոտն ա գալիս: Միակ տարբերակը, որ սիգարետն էնքան ծխենք, որ սիգարետի հոտով էդ հոտը խլացնենք: Ոնց որ մոխրամանում նստած լինենք»,- պատմեց Արթուր Օսիպյանը:

Վարչապետի հետ վիճելուց հետո ձերբակալված Օսիպյանը Նուբարաշենի բանտում 23 օր անցկացրեց: Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով մեղադրվող երիտասարդը, ի նշան բողոքի, հացադուլ էր հայտարարել՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն «փախած» է անվանել ու վիրավորել:

Հացադուլը դադարեցրած Օսիպյանն այժմ մտադիր է վարչապետ Փաշինյանին պատասխանատվության կանչել: Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի ժամանակ մոտեցած արցախցի տղամարդը հակամարտության կարգավորման մասին էր փորձել հարցնել, թե որտեղ է գրված, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի.

Օսիպյանի խոսքով.- «Ես իրան խնդրեցի, ասեցի՝ էդ բանակցային փաստաթղթերը Դուք հրապարակել եք կառավարության էջում, խնդրում եմ, ինձ ցույց տվեք էդ տողը, որտեղ նման բան է գրված: Ես կարող եմ ցույց տալ այն տողը, որտեղ գրված է, որ հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, որի վրա սահմանափակում չկա՝ ընդհուպ բարձրագույն սուվերենության աստիճան: Ասում է՝ դու լավ չես ընթերցել»:

Վարչապետ Փաշինյանը վրդովվել էր, գոռգոռացել, նրան փախած էր անվանել, վիրավորել. «Թալանչի, անասուններ, դու խի ես կենդանի, այ տականք»,- ասել էր վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ոչ մի ներողություն էլ չի պատրաստվում խնդրել, ավելին՝ ինքն է սպասում Օսիպյանի ներողությանը.

«Նա պիտի ներողություն խնդրի և իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները: Գիտեք՝ մենք չգիտե՞նք նրա և Ղարաբաղի իշխանության կապերի մասին: Այսինքն՝ ձեզ թվում է, որ մենք տենց միամի՞տ ենք»,- նշել էր վարչապետը:

Ակտիվիստը երեկ ուշ երեկոյան ազատ արձակվեց միայն քաղհասարակության մի քանի տասնյակ ներկայացուցիչների ու անձնական երաշխավորների դիմումից հետո: Քաղհասարակությունն Օսիպյանի հետապնդումը համարել էր քաղաքական մոտիվներ ունեցող ու բռնապետական գործիքակազմով քաղաքացուն լռեցնելու փորձ: Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և երաշխավորություն:

Նկուղային խոնավ, անարև խցում հացադուլի օրերն անցկացրած Օսիպյանն ազատության մեջ առաջինը խոսեց բանտային անմարդկային պայմաններից.

«Դա մի պահ բերեց առողջական որոշ խնդիրների: Բոլորի վիճակն է էնտեղ ծանրացրել»,- ասաց Օսիպյանը:

Նույն բանտի մասին լրիվ այլ կարծիք ունի արդարադատության նախարարը: Սրբուհի Գալյանը երեկ լրագրողներին պատմում էր, որ հաճախ է այցելում Նուբարաշեն, նախարարի խոսքով.- «Որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա, ես բոլոր հարկերում մշտապես լինում եմ»:

Նախարարը, սակայն, չհստակեցրեց՝ արդյո՞ք նկուղային հարկեր այցելելիս երբևէ զգացել է կոյուղու ու աղբի հոտը: Գալյանը թեև չի ընդունում, որ Օսիպյանի պահման պայմանները հեռու են մարդկայինից, բայց փաստում է՝ շարունակ բարելավում են.

«Մեր քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսինն են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավվում ենք»,- ընդգծեց նախարարը:

Սակայն իրավապաշտպաններն ու բանտեր այցելող դիտողները շարունակում են պնդել՝ «Նուբարաշենի» բանտը մարդկանց պահելու համար պիտանի չէ:

Դիտորդներից Զարուհի Հովհաննիսյանն այսօր հրապարակել է 2022-ին արված լուսանկարները, որոնցում հստակ երևում են բանտի վատ պայմանները:

«Այժմ պատերը ներկել են, հատակին սալիկներ են կպցրել, բայց խոնավությունը, գարշահոտը, անսարք ծորակներն ու գույքը, բնական լույսի բացակայությունը շարունակում են խնդիր մնալ»,- ահազանգում է իրավապաշտպանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG