Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարում է «Համաս»-ի ռազմական թևի ղեկավարին սպանելու մասին

Իզզ ալ-Դին ալ-Հադդադի, նրա կնոջ և դստեր հուղարկավորությունը Գազայում, 16-ը մայիսի, 2026թ.
Իզզ ալ-Դին ալ-Հադդադի, նրա կնոջ և դստեր հուղարկավորությունը Գազայում, 16-ը մայիսի, 2026թ.

Իսրայելի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ Գազային նախորդ օրը հասցրած օդային հարվածով սպանել են «Համաս»-ի ռազմական թևի ղեկավար Իզզ ալ-Դին ալ-Հադդադին:

Ալ-Հադդադը Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Իսրայելի կողմից սպանվել է անցած տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների աջակցությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Համաս»-ի ներկայացուցիչը անանուն մնալու պայմանով հաստատել է, որ ալ-Հադդադը սպանվել է հարձակման հետևանքով: Գազայում «Համաս»-ի խոսնակն ավելի ուշ հայտարարել է, որ ալ-Հադդադը մահացել է, սակայն չի մանրամասնել պատճառը:

Հաղորդվում է, որ Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Աքսա Նահատակների մզկիթում այսօր կայացել է ալ-Հադդադի, նրա կնոջ և 19-ամյա դստեր հուղարկավորության արարողությունը:

Երեկ Իսրայելն առնվազն երկու հարձակում է գործել Գազայի վրա՝ սպանելով 7 պաղեստինցիների, այդ թվում, ըստ տեղացի բժիշկների, երեք կնոջ և մեկ երեխայի: Պաղեստինյան մի աղբյուր հայտնել է, որ ալ-Հադդադը զոհվել է բազմաբնակարան շենքին Իսրայելի հասցրած հարվածից:

Իսրայելի զինված ուժերի հավաստմամբ՝ «Համաս»-ի ղեկավարը սպանվել է Գազա քաղաքին հասցված ճշգրիտ հարվածով:

Հրադադարի հաստատումից ի վեր Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Գազային, որոնց հետևանքով շուրջ 850 պաղեստինցի է զոհվել: Նույն ժամանակամիջոցում զինյալները իսրայելցի չորս զինվորի են սպանել:

Ուրբաթ օրը պաշտպանության նախարարի հետ համատեղ հայտարարությունում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ ալ-Հադդադը Իսրայելի վրա «Համաս»-ի 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակումների ճարտարապետներից էր, հարձակումներ, որոնց հաջորդեցին իսրայելական զինուժի գործողությունները Գազայի հատվածում:

Ալ-Հադադը «Համաս»-ի ռազմական թևը ղեկավարում է 2025-ի մայիսին Իսրայելի կողմից Մոհամմադ Սինվարի սպանությունից հետո:

XS
SM
MD
LG