Մատչելիության հղումներ

Իրանը TRIPP նախագծի շրջանակում իր սահմաններին ամերիկացների ներկայության շուրջ անհանգստություններ ունի. դեսպան

«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIPP նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը»,- այսօր Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

Դեսպանը նշեց, թե 20 օր էլ դեռ չի լրացել, ինչ Իրանը ԱՄՆ-ի հետ խաղաղություն հաստատելու շուրջ հուշագիր է ստորագրել, սակայն այս ընթացքում այն մի քանի անգամ խախտվել է:

«Ուստի Իրանի անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացների ներկայության վերաբերյալ շատ լեգետիմ և տրամաբանական է, և այդ անհանգստություններին պետք է հստակ պատասխան տրվեն»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով և ԱՄն -ի ներկայության արդյունքում՝ Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծվի:

«Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց դրա հետ միասին պետք է կառավարվեն և պետք է հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին և Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին»,- շեշտեց Իրանի դեսպանը:

Իրանի դեսպանը նշեց նաև, թե իրանական կողմը քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար: Անցած շաբաթ էլ, ըստ Շիրղոլամիի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծել է այս հարցի կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը:

«Ուստի կարող ենք ասել, որ Իրանը իր կողմից շարունակ քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար: Այս պահին աշխատում ենք փաստաթղթի տեքստի վրա, այն գտնվում է կազմման փուլում, և հույս ունենք, որ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ: Իրանը մեծ սիրով կողջունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, որտեղ կստորագրենք այս փաստաթուղթը»,- ասաց դեսպանը, շարունակելով.

«Այս փաստաթղթով, կարծում եմ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, անվտանգության, պաշտպանական ու տնտեսական ոլորտներում»:


XS
SM
MD
LG