Մատչելիության հղումներ

Իրանը մահապատիժն օգտագործում է այլախոհությունը ճնշելու համար. իրավապաշտպաններ

Իրանի իշխանությունները կտրուկ ավելացրել են ցուցարարների և քաղաքական այլախոհների նկատմամբ մահապատիժների կիրառումը և այս տարվա սկզբին տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո մահապատիժն օգտագործում են «վախ սերմանելու և հետագա հասարակական դժգոհությունը կանխելու համար», - հայտարարել են իրավապաշտպան երկու կազմակերպություններ:

Human Rights Watch-ը և Boroumand Center for Human Rights-ը նշում են, որ մարտի 18-ից մինչև օգոստոսի վերջը իշխանությունները քաղաքական դրդապատճառներով և անորոշ ձևակերպված ազգային անվտանգության մեղադրանքներով մահապատժի են ենթարկել առնվազն 59 տղամարդու: Նրանցից 29-ը ձերբակալվել են 2025-ի դեկտեմբերից մինչև 2026-ի հունվարը տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ կապված: Մահապատժի ենթարկվածների մեջ կան 18-19 տարեկան անձինք, հինգը մահապատժի են ենթարկվել հրապարակայնորեն:

Բողոքի ակցիաների հետ կապված 29 գործերից 16-ում իշխանությունները որևէ մեղադրանք չեն ներկայացրել, որ մեղադրյալները որևէ մեկին սպանել են: Ոմանց մեղադրել են հանրային սեփականությունը վնասելու, քարեր նետելու կամ կառավարական շենքեր ներխուժելու համար:

«Օր-օրի Իրանի իշխանությունները ցուցարարներին, այդ թվում՝ դեռահասներին, կախաղան են ուղարկում խոշտանգումներով կորզված «խոստովանությունների» հիման վրա», - ասել է Human Rights Watch-ի Իրանի գծով ավագ հետազոտող Բահար Սաբան։

Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ մեղադրյալներին զրկել են անկախ փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից, իսկ մահապատժի են դատապարտել անորոշ մեղադրանքներով, այդ թվում՝ «Աստծո դեմ պատերազմ մղելու» և «Երկրի վրա կոռուպցիայի» համար։ Որոշ դեպքերում մահապատիժը շատ արագ է ի կատար ածվել՝ ձերբակալությունից ընդամենը հինգ շաբաթ անց։

Տասնյակ ցուցարարներ և այլախոհներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, շարունակում են մահապատժի ենթարկվելու անմիջական սպառնալիքի տակ լինել, նշում են իրավապաշտպանները։ «Իշխանությունների ուղերձը հստակ է, որ բողոքի ցույցերին դաժանությամբ կարձագանքեն», - ասել է Սաբան։

Իրավապաշտպանները կոչ են արել ՄԱԿ-ի անդամ պետություններին ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ մահապատիժները դադարեցնելու և մահապատժի մորատորիում սահմանելու համար։

Քաղաքական մահապատիժների աճը տեղի է ունենում Իրանում մահապատժի կիրառման ավելի լայն աճի ֆոնին: Boroumand Center for Human Rights-ը 2025-ին գրանցել է առնվազն 2113 մահապատիժ, ինչը 1980-ականների վերջից ի վեր հայտնի ամենաբարձր տարեկան ցուցանիշն է: Միևնույն ժամանակ, Իրանի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը հայտնում է, որ այս տարի մինչ օրս գրանցել է 549 մահապատիժ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG