Իրանի դատական համակարգն այսօր հայտարարել է հունվարին երկրով մեկ տեղի ունեցած բողոքի ցույցերի կալանավորված մասնակիցներից ևս մեկին մահապատժի ենթարկելու մասին:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Մաջիդ Ադինեն կալանավորվել էր հունվարի 9-ին Քարաջի Մոհամմադշար շրջանում:
Ադինեն մեղավոր է ճանաչվել «թշնամական խմբերի», Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ համագործակցելու, «պատերազմ բորբոքելու» մեջ: Ըստ դատական համակարգի՝ ձերբակալության ժամանակ տղամարդու մոտ եղել է «Կոլտ» ատրճանակ, 30 փամփուշտ, երկու էլեկտրաշոկեր, երկու տարայով արցունքաբեր գազ, լիցքավորվող էլեկտրասղոց և բենզինով լի շիշ:
Գերագույն դատարանը մերժել է դատավճռի դեմ վճռաբեկ բողոքը, և մահապատիժն ի կատար է ածվել այսօր առավոտյան:
Համաձայն վերջին տվյալների՝ այս տարի Իրանում մահապատժի է ենթարկվել 483 մարդ, նրանցից շատերը՝ հունվարյան ցույցերի կապակցությամբ, որոնց ընթացքում անվտանգության ուժերը հազարավոր մարդկանց սպանեցին և տասնյակ հազարավորներին ձերբակալեցին:
Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ պատերազմի սկզբից՝ փետրվարի 28-ից ի վեր Իրանում կտրուկ աճել է մահապատիժների թիվը, ներառյալ՝ ցուցարարների, արգելված խմբերի ենթադրյալ անդամների և ենթադրյալ լրտեսների, որոնց իրավապաշտպան կազմակերպությունները քաղբանտարկյալներ են որակել: