ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Թեհրանին ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ նշելով, որ վերջին ամիսներին մահապատժի դեպքերի աճ է նկատվում՝ հասարակության մեջ վախ տարածելու և այլախոհությունը ճնշելու համար։
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Իրանը մահապատիժների թվով աշխարհի առաջատար երկրներից մեկն է։
Վերջին տվյալներով՝ 2026-ին առաջին վեց ամիսներին Իրանում մահապատժի է ենթարկվել 424 մարդ։
«Մենք դատապարտում ենք Իրանի վարչակարգին, որը մահապատժի է ենթարկում սեփական քաղաքացիներին, խիզախ երիտասարդ իրանցիներին, ովքեր համարձակվել են բարձրաձայնել իրենց կարծիքը», X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Բարնսը։
Մահապատժի վերջին դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ 26-ամյա Մեհդի Խանեկինը կախաղան է բարձրացվել՝ զենքի հետ կապված ենթադրյալ հանցագործությունների, ինչպես նաև Իսրայելի, Միացյալ Նահանգների և «թշնամական խմբավորումների» օգտին գործելու մեղադրանքով։
Փարիզում գործող Իրանի դիմադրության ազգային խորհուրդը, մինչդեռ, պնդում է, թե Խանեկինը կախաղան է բարձրացվել խմբին անդամակցելու և Քարաջ քաղաքում բողոքի ցույցերին մասնակցելու համար։