Մատչելիության հղումներ

Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է հրադադարը խախտելու համար, Թրամփը՝ սպառնում վերացնել Իրանը երկրի երեսից

Հորմուզը վերաբացելու գործողություններով ԱՄՆ-ն կրկին ներքաշվում է ճահճում, զգուշացրել է Իրանի արտգործնախարարը նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև երեկ տեղի ունեցած բախումից հետո: Աբբաս Արաղչին նշել է, որ Հորմուզի իրադարձություններից ակնհայտ է դառնում՝ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Իսկ ջրային ուղին բացելու՝ ԱՄՆ «Ազատություն» նախագիծը տանում է փակուղի, նշել է նա:

«Մինչ բանակցություններում առաջընթաց է գրանցվում Պակիստանի բարեհամբույր ջանքերի շնորհիվ, ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի, որ չարախոհների կողմից կրկին չներքաշվի ճահճում։ Նույնը պետք է անի նաև Արաբական Միացյալ Էմիրությունները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Իրանի խորհրդարանի խոսնակն էլ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է հրադադարը խախտելու և շրջափակման միջոցով Հորմուզում նավագնացությունը վտանգելու համար։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վստահեցրել է՝ ԱՄՆ «չարագործությունները կնվազեն»։

«Մենք լավ գիտենք, որ ստատուս քվոյի շարունակությունն անհանդուրժելի է Ամերիկայի համար, և մենք դեռ չենք էլ սկսել մեր անելիքները»,- ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան երկու ռազմանավ հետ է մղել իրանական հարձակումը, անցել Հորմուզի նեղուցը և մտել Պարսից ծոց, որտեղ 800-ից ավելի նավ և շուրջ 20,000 անձնակազմ դեռ արգելափակված է:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս գործողության ժամանակ ԱՄՆ զինուժն իրանական յոթ մոտորանավակ է խոցել: Թեև իրանական պետական Tasnim-ը հերքել է նրա հայտարարությունը՝ նշելով, թե երկու փոքր բեռնատար նավ է խոցվել, ինչի հետևանքով հինգ քաղաքացիական անձ է զոհվել։

Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է՝ Իրանը «կվերանա երկրի երեսից», եթե Հորմուզի վերաբացման ընթացքում հարձակվի ամերիկյան նավերի վրա: Ֆինանսների նախարարն էլ զգուշացրել է՝ եթե Իրանը ցանկանում է սրել իրավիճակը, ԱՄՆ-ն պատրաստ է:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով.- «Այստեղ սադրողը մենք չենք։ Բայց եթե իրանցիները ցանկանում են սրել իրավիճակը, մենք պատրաստ ենք դրանք։ Սա փորձություն է Իրանի համար։ Նրանք ծովահենների մի ամբողջ խումբ են»։

Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հարավային Կորեան հայտնել են, որ երեկ Հորմուզում իրենց նավերը հարձակման են ենթարկվել, իսկ Ֆուջեյրա նավթային նավահանգստում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Մի շարք երկրներ դատապարտել են այս հարձակումները: Իրանցի պաշտոնյան, ում անունը չի նշվում, ասել է, որ դրանք Հորմուզում ԱՄՆ «արկածախնդրության» ուղիղ հետևանքն են:

Maersk ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող իր նավերից մեկն ԱՄՆ-ի օգնությամբ դուրս է եկել նեղուցից: Սակայն վերլուծաբանները նշում են, որ սա չի լուծի խնդիրը, քանզի ԱՄՆ-ն չի կարող ուղեկցել բոլոր նավերին:

Ու մինչ իրավիճակը Պարսից ծոցում կրկին լարվել է, Իսրայելը շարունակում է Լիբանանի հարավում «Հեզբոլա»-ի դեմ գործողությունները: Վերջին մեկ օրում 17 մարդ է սպանվել: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG