Իրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կնքել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո:
«Ոչինչ վերջնական չի որոշվել, բացի նրանից, որ ես պնդել եմ, որպեսզի Իրանի հետ բանակցությունները շարունակվեն՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել», - ասել է նա:
Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, թե ցանկալի է, որ այս անգամ ստացվի գործարք կնքել, այլապես նախորդ անգամ Իրանը որոշեց, որ ավելի լավ է գործարքի չգնալ, արդյունքում հարձակման ենթարկվեց: «Հուսով եմ՝ այս անգամ նրանք ավելի ողջամիտ և պատասխանատու կլինեն»,- գրել է նա։
Թեհրանի հռետորաբանությունում վերջին օրերին որոշակի մեղմացում է նկատվում: PBS News-ին տված հարցազրույցում Արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, թե Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակի և պաշարների չափի հարցերը՝ պայմանով, որ հարգվեն Իրանի իրավունքները:
«Իհարկե, մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք բանակցել ուրանի հարստացման մակարդակի, դրա պաշարների մասին։ Բայց կարևորն այն է, որ մեր իրավունքը, որը ճանաչված է միջազգային պայմանագրով, պետք է հարգվի», - նշել է նա:
Անդրադառնալով Իսրայելի պնդումներին, որ Իրանը գտնվում է միջուկային զենք արտադրելու շեմին՝ Բաղային ասել է, որ «դա մեծ սուտ է», և ընդգծել՝ Իրանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է և միջուկային էներգիա է արտադրում խաղաղ նպատակներով։
Վերջին հինգ տասնամյակներին Իրանին մշտապես զրպարտել և սպառնացել են, ասել է Բաղային՝ նշելով, որ այդ սպառնալիքներն անօրինական են ու չարդարացված: «Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանում պատերազմ»,- ասել է նա:
Իրանցի պաշտոնյան նաև անդրադարձել է տարվա սկզբին երկրում տեղի ունեցած զանգվածային ցույցերին, որոնց հետևանքով, ըստ իրավապաշտպանների, 6000-ից ավելի մարդ է սպանվել: Բաղային պնդել է, թե յուրաքանչյուր կյանք կարևոր է իրենց համար, քանզի բոլոր սպանվածներն իրանցիներ են, իսկ անկարգությունների համար մեղադրել է Իսրայելի հատուկ ծառայություններին:
Իրանի նախագահն էլ կոչ է արել իր հայրենակիցներին բուժել երկրում տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո առաջացած վերքերը։ «Դրանք դառը վերքեր էին, բայց պետք է բուժվեն և չխորանան մինչև վարակ դառնալը»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը «Ֆաջր» ամենամյա կինոփառատոնի մրցանակաբաշխության ժամանակ՝ ընդգծելով՝ անհրաժեշտ է նայել առաջ և հաշտվել։
Ու մինչ Թեհրանը վստահեցնում է, որ պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների, Թուրքիայի արտգործնախարարը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը և ԱՄՆ-ն ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հարցում: Ըստ Հաքան Ֆիդանի՝ Վաշինգտոնը, ըստ երևույթին, «պատրաստակամ» է հանդուրժել ուրանի որոշ չափի հարստացումը:
«Դրական է, որ ամերիկացիները, ըստ երևույթին, պատրաստ են հանդուրժել ուրանի հարստացումը՝ հստակ սահմանված սահմանների շրջանակում», - ասել է Ֆիդանը՝ կարծիք հայտնելով, որ Թեհրանն «իսկապես ցանկանում է իրական համաձայնության հասնել» և կընդունի հարստացման մակարդակի սահմանափակումները:
Ամերիկացի և իրանցի դիվանագետներն անցյալ ուրբաթ էին Օմանում վերսկսել անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռ հայտնի չէ:
Հայտնի է միայն, որ ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի քննարկել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ: