Իրանի հետ համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններում «աննշան առաջընթաց է գրանցվել», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, որը Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում է՝ ՆԱՏՕ-ի նիստին մասնակցելու համար։
Մարկո Ռուբիոն, սակայն, մանրամասներ չի ներկայացրել, նաև նշել է, թե չի ցանկանում «չափազանցնել» ասածը։
«Մի փոքր տեղաշարժ է եղել, և դա լավ է։ Հիմնական սկզբունքները մնում են նույնը․ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է լուծի Իրանի բարձր հարստացված ուրանի հարցը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ բանակցություններում քննարկվելիք մյուս կարևոր հարցը՝ Թեհրանի դիրքորոշումն է Հորմուզի նեղուցի վերաբերյալ։
Նա ասել է, որ Իրանը «փորձում է ստեղծել վճարովի համակարգ» և համոզել Օմանին միանալ այդ համակարգին։
«Աշխարհում չկա մի երկիր, որը պետք է ընդունի դա», նշել է Մարկո Ռուբիոն։
Նշենք, որ Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Պակիստանի ներքին գործերի նախարարը Իրանում հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության՝ պաշտոնյաները քննարկել են պատերազմը դադարեցնելու վերջին առաջարկները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև մնացած անհամաձայնությունները լուծելու նպատակով։