Մատչելիության հղումներ

Իրանի հավաքականն արդեն Մեքսիկայում է, դեռ սպասում է ԱՄՆ վիզաներին

Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մարզվում են Անթալիայում, 19-ը մայիսի, 2026թ․
Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մարզվում են Անթալիայում, 19-ը մայիսի, 2026թ․

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքակաը 2026 թվականի Աշխարհի առաջնությանն ընդառաջ արդեն նախավարժանքներ է անցկացնում Մեքսիկայում, սակայն ֆուտբոլիստներն ու անձնակազմը դեռ ամերիկյան վիզաներ չեն ստացել՝ ԱՄՆ-ում կայանալիք խմբային փուլի երեք հանդիպումներն անցկացնելու համար, հայտնել է Մեքսիկայում Իրանի դեսպանը։

Աբոլֆազ Փասանդիդեի խոսքով՝ «հյուսիսում գտնվող երկիրը» չի կատարել Իրանի հավաքականին հյուրընկալելու պարտավորությունը։

«Մենք չգիտենք՝ խաղացողներին տալո՞ւ են նրանց վիզաները», - ասել է դեսպանը։

Թեև նախատեսվում էր, որ Իրանի հավաքականը ԱՄՆ Արիզոնա նահանգում է հանգրվանելու, նրանց կեցավայրը տեղափոխվեց Մեքսիկա՝ հյուսիսարևմտյան Տիխուանա քաղաք։

Իրանի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներն էլ ԱՄՆ-ում են անցկացվելու՝ երկուսը՝ Լոս Անջելեսում, մեկը՝ Սիեթլում։

«Մենք Աշխարհի գավաթին մասնակցում ենք անհավասար պայմաններում», - ասել է Փասանդիդեն՝ ավելացնելով, որ պատերազմի պատճառով «Իրանն ի վիճակի չի եղել ըստ պատշաճի մարզել թիմը»։

Մայիսի 18-ին հաղորդվել էր, որ Իրանի հավաքականը մեկնել է Թուրքիա՝ վերջին ընկերական խաղն անցկացնելու և ԱՄՆ մեկնելու վիզա ստանալու համար, սակայն գործընթացն այդտեղ չէր ավարտվել։

Չնայած ամերիկյան կողմի և ՖԻՖԱ-ի հավաստիացումներին, Իրանի մասնակցությունը ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին հարցականի տակ է հայտնվել փետրվարի 28-ին այդ երկրի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։

2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

XS
SM
MD
LG