Մատչելիության հղումներ

Իրանահայերի հետ միշտ չէ հնարավոր լինում կապվել, արտառոց հոսք դեպի ՀՀ չկա. Սինանյան

Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա նշեց, որ մշտապես փորձում են կապի մեջ լինել Իրանի տարբեր հատվածներում բնակվող հայերի հետ, սակայն միշտ չէ, որ դա ստացվում է:

«Պարբերաբար հնարավոր է լինում կապվել, բայց հիմնականում՝ ոչ», - շեշտեց նա՝ հավելելով, որ մարդիկ հիմնականում մնում են տներում՝ խուսափելով հրթիռներից և այլ հարվածներից:

Իրանում ինտերնետ կապի հասանելիության խնդրի մասին հաղորդվել է պատերազմի սկզբից ի վեր:

Սինանյանն ասաց նաև, որ հայերի շրջանում երկու հոգու թեթև վիրավորվելու մասին տեղեկություններ են եղել, սակայն դրանք պաշտոնապես չեն հաստատվել:

ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներն Իրանի դեմ շարունակվում են: Թեհրանն էլ, իր հերթին, թիրախավորում է Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաներ:

Այս օրերին տարբեր երկրների քաղաքացիներ լքել են Իրանը Հայաստանի հետ սահմանային անցակետով:

XS
SM
MD
LG