Հայաստան սննդամթերք ու գյուղատնտեսական ապրանքներ մատակարարող հիմնական երկրներից մեկն արդեն երկու շաբաթ է արգելել է այդ ապրանքների արտահանումը` ներքին պահանջարկը բավարարելու համար: Իրանն այս քայլին գնաց ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի օր անց, երկու շաբաթ էլ չանցած` Հայաստանում թանկացումներ են նկատվում, հատկապես բանջարեղենի շուկայում, բեռնափոխադրողներն էլ բարձրաձայնում են իրանական կողմում առաջացած տարբեր խնդիրների մասին:
Գնաճը կարող է է'լ ավելի արագանալ՝ հաշվի առնելով երկու երկրների լայն առևտրաշրջանառությունը:
Իրանը Հայաստանի չորրորդ խոշոր առևտրային գործընկերն է. 2025-ին երկու երկրների փոխադարձ առևտուրը շուրջ 740 միլիոն դոլար է կազմել, ինչի գերակշիռ մասը Իրանից Հայաստան ներկրումն է: Ամեն ամիս Հայաստանում ավելի քան 40 միլիոն դոլարի իրանական ապրանք է հայտնվում: Ընթացիկ ամսվա պաշտոնական թվերն ավելի ուշ կհրապարակվեն, սակայն այս պահին կարելի է վերլուծել առկա տվյալներն ու փորձել պարզել՝ որ ապրանքները կարող են թանկանալ:
2025-ի միայն առաջին կեսին Հայաստանն Իրանից մի քանի հարյուր տոննա կարագ է ներկրել, հայկական շուկայում հայտնվող արտասահմանյան կարագի զգալի մասը հենց իրանական է, այսինքն՝ առաջիկայում կարագի գները կարող են բարձրանալ:
Իրանը նաև հայկական շուկայում վաճառվող ներկրված կաթի փոշու հիմնական մատակարարներից է, ու հաշվի առնելով Հայաստանում կաթի արտադրության ծավալների նվազումը՝ կաթի փոշու մատակարարման դժվարությունները կարող են գնաճի պատճառ դառնալ:
Հատկապես մեծ է իրանական միրգ-բանջարեղենի առկայությունը խանութներում ու շուկաներում. բեռնատարները տարեկան հազարավոր տոննաների հասնող տոմատ, կաղամբ, գազար, վարունգ, ձմերուկ ու սեխ, ցիտրուսային պտուղներ, ելակ Իրանից Հայաստան են տեղափոխում:
Հայաստանում սննդամթերքը մինչ հարևան երկրում ռազմական գործողությունների մեկնարկն էլ թանկանում էր, անցած ամիս խանութներում մթերքը 6.5 տոկոսով ավելի թանկ էին վաճառում, քան մեկ տարի առաջ: Կարագը թանկացել էր գրեթե 7.5, կաթը՝ ավելի քան 5, միրգը՝ 6.5 տոկոսով:
«Վերջին ներմուծումն ունեցել ենք հյութեր՝ երևի մեկ կամ երկու շաբաթ առաջ մոտավոր, էլի խնդիր չենք ունեցել». - Իրանից Հայաստան ներկրումների գործընթացը կազմակերպող ընկերություններից մեկից «Ազատությանը» հայտնեցին, որ վերջին անգամ փետրվարի 28-ին վարունգ են Հայաստան մատակարարել, մեկ-երկու շաբաթ առաջ նաև հյութեր են ներկրել: Այժմ քաղցրավենիքի պատվեր կա, իրանական կողմից, հղում անելով արգելքին, ոչ թե մերժել են, այլ ասել են՝ Նովրուզից, այսինքն՝ մարտի 21-ից հետո կլինի:
Գուցե չնայած պաշտոնական արգելքին ընկերությունները կարողանո՞ւմ են մատակարարումների վերաբերյալ պայմանավորվել. հարցի պատասխանը «Ազատություն»-ը Էկոնոմիկայի նախարարությունից չստացավ, ասացին՝ հարցն իրենց տիրույթում չէ:
«Ազատության» զրուցակցի խոսքով՝ այս պահին իրենց համար լուրջ խնդիր է Իրանի ներսում կապի խափանումը, դա լոգիստիկ լուրջ դժվարություններ է առաջացնում, այսինքն՝ ապրանքը Հայաստան բերելն էլ է թանկանում: Այս ընկերությունն, այդուհանդերձ, առայժմ գները բարձրացնել չի ցանկանում. - «Էս պահին աշխատում ենք կտրուկ ինչ-որ բաներ չանել, ճիշտն ասած, ավելի շատ սպասողական վիճակ է»:
Մինչ Կառավարությունից հայտնում են, որ Իրանում ընդունված արգելքի որոշումն իրենց տիրույթում չէ, ռազմական գործողությունների մեկնարկից հետո աշխարհում վառելիքը կտրուկ թանկացել է, և եթե բենզինը գնաճը բարձր լինի նաև Հայաստանում, միջազգային բեռնափոխադրումներն է՛լ ավելի կթանկանան, կմեծանան խանութներում վաճառվող ապրանքների գնապիտակների վրա գրված թվերը: