Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին վիրավորանքով հակադարձելու համար արդեն ավելի քան մեկ ամիս ճաղերի հետևում անցկացնող «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարների կալանքի հարցով փաստաբանների վերաքննիչ բողոքի որոշումները կհրապարակվեն առաջիկա օրերին, մինչ այդ նրանք ասուլիս էին հրավիրել՝ ամփոփելով այս շաբաթների իրադարձությունները:
Փաստաբանները պնդում են՝ տեղի ունեցողը ընդդիմախոսներին լռեցնելու ու վախեցնելու փորձ է. «Մարդիկ իրականացնում են օրենքով թույլատրված, օրենքով չարգելված քաղաքական գործունեություն, բոլորս էլ գիտենք՝ ինչ գործունեություն: «Իմնեմնիմի» փոդքասթը քայլ առ քայլ, ժամանակի ընթացքում արդեն 3-րդ տարին է՝ կամաց-կամաց առաջ գնաց ու դրա արդյունքում մենք ունեցանք իրավիճակ, որ հանրությունը շատ լավ ճանաչում է, մարդկանց գործունեությունը բոլորի աչքի առաջ է: Այդ օրինական գործունեության համար մարդկանց պատասխանատվության են կանչել»:
Նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել էին իշխանությունների հասցեին կոպիտ բառապաշարով սուր քննադատություններով հագեցած «Իմնեմնիմի» փոդքասթը վարող Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, ավելի ուշ նրանց կռացած ու ձեռնաշղթաներով տարել: Նրանց մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին երկու ամսով: Պատճառը նրանց հաղորդումներից մեկն էր, որի ընթացքում նրանք ավելի թունդ խոսքերով արձագանքել էին Ազգային ժողովի նախագահի վիրավորանքին:
Իրավապահներին անձամբ Ալեն Սիմոնյանն էր դիմել՝ հայտարարելով, թե իրեն սպառնացել են. «Այսինքն, եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պետք է անեմ»:
Փաստաբան Արսեն Բաբայանը պնդում է՝ գործի նյութերում սպառնալիքների մասին ոչինչ չկա. «Կրկնում եմ ու պնդում եմ, որ որևէ սպառնալիք երբևէ գոյություն չի ունեցել, և դրա մասին են վկայում նաև՝ սպառնալիք չլինելու, քրեական վարույթում դրա վերաբերյալ որևէ հանգամանքի բացակայությունը»:
Ընդդիմությունից մեղադրանքը քաղաքական են որակում: Իրավապահների գործողություններն այդքանով չէին սահմանափակվել, նրանք նաև խուզարկել էին նրանց գրասենյակը՝ Antifake.am կայքի խմբագրությունն ու տեխնիկան առգրավել: Քրեական հետապնդման նպատակը նրանց աշխատանքը դադարեցնելն է, պնդում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Էս ամենը ինչի՞ համար է արված, որպեսզի մարդկանց գործունեությունը դադարեցնեն: Շնորհակալություն բոլոր էն մարդկանց, ովքեր դա ուղղակի թույլ չտվեցին նաև իրենց ֆինանսական աջակցությամբ, նրանով, որ էն ինչ տարել էին, անհրաժեշտը բերեցին ու 2 օր հետ «Իմնեմնիմին» եթերում էր: Ի դեպ, տեխնիկայի մասը վերադարձրել են», - ասաց Մելիքյանը:
Փաստաբանը պնդում է, թե հաղորդավարների նկատմամբ իրավապահների գործողությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ են խախտում. «Սկսենք ամենասկզբից, հինգերորդ հոդված, որը վերաբերում է անձի ազատության իրավունքին, ակնհայտ է, որ ոչ մի հիմք չկար անձանց ազատությունը սահմանափակելու համար, մենք արդեն ունեցել ենք մեկ քրեական վարույթ, որով 2 ամիս կալանքից հետո տղաների նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց, մասնավորապես վարչական հսկողություն ու տղաներն ամբողջությամբ պահպանել են դրա բոլոր պայմանները»:
Ընդդիմադիր փոդքասթերների պաշտպաններն այսօր ասացին, որ նաև արձագանքներ են ստացել եվրոպական կառաույցներից: Եվրախորհրդի լրագրողների անվտանգության հարթակն էր օրերս նրանց կալանավորման անդրադարձել՝ հայտնելով, որ հետևում են այս գործին: