Մատչելիության հղումներ

Ի՞նչ է ստացել Երևանը 2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործարքից

ԱՄՆ, Վաշինգտոն, Սպիտակ տուն, 8-ը օգոստոսի, 2025թ.
ԱՄՆ, Վաշինգտոն, Սպիտակ տուն, 8-ը օգոստոսի, 2025թ.

Վաշինգտոնի համաձայնագրերից մեկ տարի է անցել, ի՞նչ է ստացել Երևանն այս գործարքից ու ի՞նչ ազդեցություն է այն ունեցել Հայաստանի վրա: Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասում է՝ կարևոր է, որ գործընթացն առաջ է շարժվում, Ադրբեջանի հետ արդեն առևտուր կա, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացել են՝ դրա վկայությունը օրերս բացված Արհեստական բանականության գործարանն է:

«Սա գործընթաց է, որը բխում է Հայաստանի շահերից, և մենք էս ուղղությամբ առաջ ենք շարժվելու: Եվ մենք բազմիցս նշել ենք, որ մեր որևէ հարաբերություն որևէ երկրի հետ, խորացում այդ հարաբերությունների ի վնաս չէ մեր այլ հարաբերություններին, և սրանում է կայանում հենց բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը», - հայտարարեց Խանդանյանը:

Իսկ ի՞նչ փուլում է TRIPP-ի շրջանակում երկաթգծի կառուցման նախագիծը, և արդյո՞ք ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմն ու չհաստատվող խաղաղությունը կարող են խոչընդոտել այդ ծրագրին՝ հաշվի առնելով, որ TRIPP-ը նաև ամերիկյան ծրագիր է, իսկ երկաթուղին, ըստ մինչ այս հնչող հայտարարությունների, պիտի անցնի Իրանի սահմանին շատ մոտ: Խանդանյանի խոսքով՝ մտահոգվելու առիթ չկա, քանի որ Հայաստանի և Իրանի միջև այս հարցում փոխըմբռնում կա:

«Կարծում եմ՝ որևէ մտահոգվելու առիթ չկա, մենք Իրանի մեր գործընկերների հետ Հայաստանի կառավարությունը ակտիվ քննարկել է այս հարցը, փոխըմբռնում կա այս հարցի շուրջ, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ իրանա - ամերիկյան լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա», - պնդեց իշխող կուսակցության պատգամավորը:

Իրանի վերաբերմունքի հարցում այլ մոտեցում ունեն փորձագետները: «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն ասում է՝ Թեհրանի մտահոգությունները TRIPP-ի մասով պահպանվում են, դրանք վերջերս իրանցի փորձագետներն են արտահայտել Կապանում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ: Մտահոգությունները կապված են Հայաստան-Իրան սահմանի ու անխափան կապի կենսական նշանակության և Միացյալ Նահանգների ներկայության հետ:

«Իհարկե, մտահոգված են Միացյալ Նահանգների հնարավոր ներկայությամբ, որը գուցե նույնիսկ ռազմական չլինի, ապա կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, դա նշանակում է՝ որպես անվտանգության ոլորտում էլի հնարավոր սպառնալիք: Եվ ինչպես մենք հասկացանք, հիմնական խնդիրը նա է, որ դեռ չկան հստակ դետալները՝ ոչ մեկ չգիտի, թե ինչ ձևաչափով ամեն ինչ աշխատելու է, ինչ է տեղի ունենալու գետնի վրա», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, ապա Սերգեյ Մելքոնյանն ասում է՝ իրենք կարծում են, որ TRIPP-ն ավելի շատ աշխարհքաղաքական նախագիծ է, քան տնտեսական: Պայմաններում, երբ դեռ հստակ չէ՝ TRIPP-ն իրագործվելու դեպքում Հայաստանի համար ամբողջ տարածաշրջանը կապաշրջափակվի՞, թե՞ ոչ, «ԱՊՐԻ» կենտրոնը հաշվարկել է երկու սցենարն էլ: Եթե սկսի գործի միայն Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, իսկ Հայաստանի համար, օրինակ, սահմանները Թուրքիայի ու Նախիջևանի կողմից չբացվեն, ապա Հայաստանը կարող է տարեկան միայն մոտ 23 միլիոն դոլար ստանալ: Իսկ եթե տարածաշրջանն ապաշրջափակվի, Հայաստանը կարող է ստանալ 16 անգամ ավելի՝ մոտ 388 միլիոն դոլար տարեկան: Ադրբեջանի դեպքում տարբերությունը շատ մեծ չէ:

«Օրինակ՝ TRIPP-ի դեպքում Ադրբեջանը կստանա տարեկան մոտավորապես 230 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ապաշրջափակումից՝ 329 միլիոն դոլար: Այսինքն՝ այստեղ տարբերությունը մեծ չի՝ մոտավորապես 1.4 անգամ: Հետևաբար՝ մենք գալիս ենք էն եզրակացության, որ Ադրբեջանի համար ընդհանուր ապաշրջափակումը շատ չի տարբերվում TRIPP, մեզ համար էականորեն տարբերվում է», - ընդգծեց Մելքոնյանը:

Հետևաբար՝ ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի համար առավել կարևոր է, սակայն դեռևս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նման նշաններ չկան:

«Մեզ պետք է ելք դեպի Միջերկրական ծով և Պարսից ծոց: Էդ դեպքում անհրաժեշտ է բացել այն այլ հաղորդակցությունները, որոնք կան, մասնավորապես երկաթգծի մասին է խոսքը, որը դեր այսօր ըստ օրակարգի չունի: Բայց նույնիսկ ըստ վաշինգտոնյան պայմանավորվածության կա փոխադարձ առավելությունների մասին բառակապակցությունը, որը նշանակում է, որ եթե TRIPP-ը տեղի է ունենում, ապա այլ ճանապարհներն էլ պիտի բացվեն: Բայց էս ուղղությամբ դեռ մենք լուրջ քայլեր կամ քաղաքական որոշումներ չենք տեսնում», - ասաց «ԱՊՐԻ Արմենիա»-ի գիտաշխատողը:

Եթե գործարկվի միայն TRIPP-ը, իսկ մյուս ճանապարհները Հայաստանի համար չբացվեն, Սերգեյ Մելքոնյանը կարծում է՝ կարող է լեգիտիմացվել Հայաստանի նոր շրջափակումը. - «Հավանական է սցենարը, երբ որ ապաշրջափակման կոնտեքստում իրականացվի միայն TRIPP-ը, իսկ այլ ճանապարհները կա՛մ չբացվեն, կա՛մ եթե բացեն, կարողանան միակողմանի փակվեն: TRIPP-ի դեպքում այդպիսի օպցիա չկա, հետևաբար՝ կարող է լեգիտիմացվի փաստացի նոր Հայաստանի բլոկադայի ձևաչափերը»:

Քաղաքագետներն առանձնացնում են անցած տարվա օգոստոսին ստորագրված վաշինգտոնյան պայմանավորվածությունների ազդեցությունը հայ - ադրբեջանական հարաբերություններում էսկալացիայի վտանգի վրա: Եթե համեմատենք 2025 թվականի գարնան հետ, տարբերությունը ակնհայտ է, հնարավոր էսկալացիայի վտանգը նվազել է, ասում է «ԱՊՐԻ» հիմնադրամի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը:

«2025 թվականի օգոստոսի 8-ից հետո այդ վանգը էականորեն նվազեց, կարելի է ասել՝ մոտեցավ զրոյի, և այս պահի դրությամբ նույնպես այն գրեթե մոտ է զրոյի, և ամենայն հավանականությամբ՝ առնվազն այսպես կլինի մինչև նախագահ Թրամփի վարչակազմի գործունեության ավարտը, այսինքն՝ մինչև 2029 թվականի հունվար», - նշեց Պողոսյանը:

Սպիտակ տանը անցած տարի կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի առիթով Հայաստանը, Ադրբեջանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նախօրեին համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ երեք երկրները վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

TRIPP նախագիծը հաճախ հիշատարկվում է նաև Միջին միջանցքի համաատեքստում: Միջին միջանցքը հայտնի է նաև «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» անունով, այն Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ և անցնում է նաև Կասպից ծովով ու Հարավային Կովկասով: Ներկայումս այդ ճանապարհը շրջանցում է Հայաստանը ու անցնում է Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով: Բայց եթե ապաշրջափակում տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում Միջին միջանցքը կարող է ունենալ երկու զուգահեռ տարբերա ՝ Վրաստանով և Հայաստանով դեպի Թուրքիա:

Բացի Միջին միջանցքից՝ գոյություն ունեն նույնպես գլոբալ բեռնափոխադրման նաև Հյուսիսային և Հարավային միջանցքներ, որոնցից մեկը Ռուսաստանից է կախված, իսկ մյուսը՝ Իրանից: Երկու երկրների հետ էլ Արևմտյան երկրներն ունեն խնդիրներ, հատկապես՝ 2022-ից հետո, ու Միջին միջանցքի դերը բեռնափոխադրման շղթայում մեծանում է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG