Մատչելիության հղումներ

Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը վաղը կհանդիպեն Վատիկանում

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վաղը Վատիկան իր այցի շրջանակում առաջին անգամ կհանդիպի Հռոմի Պապ Լևոն XIV-ին։

Այցը տեղի է ունենում թե՛ Մակրոնի, թե՛ Լևոն XIV-ի կողմից քննադատված իրանական պատերազմի ֆոնին։

Ֆրանսիայի նախագահն այսօր կժամանի Հռոմ։ Իտալիայի վարչապետ Ջիորջիա Մելոնիի հետ հանդիպում նախատեսված չէ։

Առավոտյան Առաքելական պալատում նախագահին կընդունի առաջին ամերիկացի Հռոմի պապը:

Ելիսեյան պալատը Սուրբ Աթոռ սպասվելիք ուղևորությունը անվանում է «հանրապետական և աշխարհիկ այց»։

Առաջնորդները հարցերի լայն շրջանակ են քննարկելու՝ միջազգային զարգացումներից մինչև Պապի կողմից կարևորվող արհեստական բանականության կարգավորումներ, կլիմայի փոփոխությունից՝ մարդասիրական հարցեր, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Սա նախագահ Մակրոնի երրորդ ընդունելությունն է լինելու Վատիկանում։ 2018-ին, 2021-ին և 2022-ին նրան ընդունել էր Ֆրանցիսկոս Պապը։

Վատիկանի հարցերով փորձագետ Մարկո Պոլիտն AFP-ին ասել է, որ սպասվելիք այցն ավելին է, քան պարզապես դիվանագիտական հանդիպում։

Հռոմի պապը, որը վերջին շաբաթներին դարձել է հակամարտության բացահայտ քննադատ, հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Իրանի բնակչության դեմ «անընդունելի» են:

Նախօրեին Հռոմի պապը հայտարարեց, որ «մեծ գոհունակությամբ» ողջունում է Իրանի պատերազմում երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը։

«Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար վերջին ժամերի մեծ լարվածության լույսի ներքո ես գոհունակությամբ ողջունում եմ... երկշաբաթյա անհապաղ զինադադարի մասին հայտարարությունը», - ասել է առաջին ամերիկացի Հռոմի պապը:



Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG