Մատչելիության հղումներ

Միայն Հայաստանն է հարցականի տակ դնում «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցության շարունակությունը. Օվերչուկ

Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի իր հետ տնտեսական հարաբերությունները, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ Մոսկվային հուզում են Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հեռանկարները. «Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը և ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը, լուրջ հարցեր են առաջանում դրանց ապագայի վերաբերյալ»:

Ըստ Օվերչուկի՝ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, որը Ռուսաստանի համար դարձել է «թշնամական դաշինք»։ Փաստելով, որ դա հայերի իրավունքն է, միաժամանակ Օվերչուկը զերծ չի մնացել զգուշացումներից՝ Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչները պետք է սթափ գնահատեն ԵՄ-ում ապրանքների վաճառքի հեռանկարները:

Հայաստանի վարչապետը երեկ Մոսկվայում հանդիպեց ՌԴ նախագահի հետ: Վլադիմիր Պուտինն ասաց՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չէ: Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, հակադարձեց՝ Երևանում գիտեն, որ երկու միություններին անդամակցությունը հնարավոր չէ: Ըստ նրա՝ այս պահին եղած օրակարգերը համատեղելի են:

«Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն», - հավելեց նա:

Փաշինյանը միաժամանակ ընդգծեց՝ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ:

Այս հանդիպման ֆոնին Օվերչուկը զգուշացրել է՝ Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին խոսակցությունները կբարձրացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի աշխատանքի հարցը։

«Իրականությունն այն է, որ հայկական երկաթուղին, եթե այն պահպանվի, պետք է մնա սեփական տնտեսության կարիքները սպասարկող ճանապարհ, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Մեր շահը Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր պետությունների հետ առևտրի ավելացումն է, բայց եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, ելնելով փոխադարձության սկզբունքից, արդարացի կլինի հարցնել՝ եթե ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող ներկա լինել և վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ հայկական ընկերություններն ու գործարարները կարող են ներկա լինել և վաստակել Ռուսաստանում», - նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը մեկուկես ամիս առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում է մրցակցային առավելությունը: Ներկայացրել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի:

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», - ասել էր նա:

Տարբերակների թվում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն, Կատարը։ Միաժամանակ Փաշինյանը պնդել էր, որ Հայաստանը ոչինչ չունի ՌԴ-ի դեմ:

Որ Նիկոլ Փաշինյանի այս գաղափարը Մոսկվայի սրտով չէ, ռուս պաշտոնյաները այս ընթացքում չեն թաքցրել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում էլ Օվերչուկն ասել է՝ Ռուսաստանի բոլոր հարևանները, նույնիսկ ԵՄ-ից, շահագրգռված են «Ոուսական երկաթուղիների» օգտագործմամբ, միայն Հայաստանն է հարցականի տակ դնում համագործակցության շարունակությունը:

Ինչ վերաբերում է ռուսական ընկերության ներկայության վերաբերյալ հայկական մտավախություններին, ռուսաստանցի պաշտոնյան շեշտել է՝ միասնական ուղու առկայությունը որոշում է սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը, որը քաղաքականությունից դուրս է և կրում է զուտ տեխնիկական բնույթ: Ըստ նրա՝ ՀՀ-ում ճանապարհի բեռնվածության և այլ խնդիրների մասին հարցեր կտա ցանկացած այլ ներդրող, որին Հայաստանի ղեկավարությունը կցանկանա տեսնել Ռուսաստանի փոխարեն: Ավելին՝ Օվերչուկի խոսքով այդ հարցերն իրենց արդեն տալիս են բարեկամ երկրները:

Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղին» 30 տարի ժամկետով՝ 2008-ից «Ռուսական երկաթուղին» է կառավարում՝ հավատարմագրային սկզբունքով։ Կառավարումը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն կա։

Հայաստանի վարչապետը, որ երկու ամիս առաջ հայտարարում էր, թե երկաթգծի որոշ հատվածների կառուցման հարցով գրավոր դիմել է Ռուսաստանին, մեկ ամիս առաջ ասել էր՝ ՀՀ-ին պետք չի գնալ սուր խոսակցության՝ կոնֆլիկտի տրամաբանությամբ:

Ռուսաստանի կառավարության փոխնախագահը հիշեցրել է, որ 2025 թվականի դեկտեմբերին հայկական կողմը ամենաբարձր մակարդակով դիմել է Ռուսաստանին՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների մոտ երկաթուղային գծերի երկու կարճ հատվածները վերականգնելու խնդրանքով՝ ընդհանուր 12-13 կմ երկարությամբ։ Նա հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ էր Ռուսաստանին հրավիրել վերականգնել այդ ուղիները, եթե «դուք չեք տեսնում նրա հետագա մասնակցությունը տարածաշրջանում տրանսպորտային կապի զարգացմանը»։

Այսօր «Ազատության» հարցին, թե արդյոք երեկ երկաթուղու մասին քննարկումները տապալվեցին, վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ ոչ մի բան չի տապալվել, շարունակում են քննարկումները:

«Ինչ վերաբերում է խզմանը, ՀՀ-ն դրա լծակն ունի, բայց մենք չենք պլանավորում և չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով», - նշեց նա՝ շարունակելով՝ Երևանը կողմ է քննարկումների արդյունքում ընդունվող լուծում գտնելուն:

Փաշինյանի խոսքով՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուս գործընկերների հետ մանրամասն քննարկել են այս հարցը, ներկայացրել իրենց դիրքորոշումները:



Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG