Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «չի բանակցում» հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցելու շուրջ

Ռուսաստանը բանակցություններ չի վարում ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Երևանի հետ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ղազախստանին փոխանցելու շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հղում անելով տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը:

Նա հիշեցրել է, որ կոնցեսիոն կառավարման պայմանագիրը կնքվել է 2008 թվականին՝ 30 տարով, ևս տասը տարվա երկարաձգման հնարավորությամբ:

«Արդեն տարիներ շարունակ «Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանատվությամբ կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում ավելի քան 30 միլիարդ ռուբլի են կազմում», - ասել է Զախարովան:

Այս հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետի Ռուսաստան այցին ընդառաջ:

Նիկոլ Փաշինյանը մեկուկես ամիս առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում է մրցակցային առավելությունը: Ներկայացրել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի:

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», - ասել էր նա:

Երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու և այլ երկրի փոխանցելու Նիկոլ Փաշինյանի պատկերացումը, սակայն, վրդովեցրել էր ռուսական կողմին: Նախ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էր «տարօրինակ և փոքր-ինչ անընդունելի» որակել վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր զգուշացրել, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»։

Այս արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը թեև ասում էր, որ երկաթուղու կառավարման հարցով Երևանի և Մոսկվայի միջև աշխատանքային քննարկումներ են ընթանում, բայց նաև շեշտում՝ չեն պատրաստվում ռուսական կողմի հետ երկաթուղու հարցով սուր խոսակցություն ունենալ՝ կոնֆլիկտային տրամաբանությամբ: Իսկ անցած հինգշաբթի կրկին հույս հայտնեց գործընկերային մթնոլորտում լուծել հարցը:


XS
SM
MD
LG