Մատչելիության հղումներ

ՀՀ-ն և ԱՄՆ-ն կորոշեն TRIPP-ում երրորդ կողմերի ներդրումային մասնակցությունը

Տարբեր երկրների կողմից TRIPP-ի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց Հայաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ կորոշվի երրորդ երկրների ներդրումային մասնակցությունը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«TRIPP-ում երկրների ներդրումային մասնակցությունը հստակ սահմանած է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ կարող են երրորդ կողմերը ներգրավվել: Տարբեր երկրներ ցուցաբերում են հետաքրքրություն, բայց պետք է նաև քննարկենք կոնկրետության մեջ: Այնուամենայնիվ, ներդրումային ծավալը մեծ է, բայց անսահմանափակ չի, պետք է հասկանալ՝ ով ինչ ներդրումային ծրագիր է առաջարկում և ընտրել լավագույնը»,- շեշտեց Փաշինյանը:

TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս:

TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է: Նախ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյոք այն չի հակասում Հայաստանի սահմանադրությանը, ապա դրական եզրակացությունից հետո փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան՝ վավերացման: ՍԴ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 15-ին:


XS
SM
MD
LG