Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ավարտելու համար «դեռ 2-3 տարի էլ կպահանջվի»

Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ
Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ

Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկից մեկուկես տարի անց Հայաստանը հայտարարում է, որ դեռ երկու-երեք տարի էլ կպահանջվի գործընթացն ավարտելու համար: Ընդ որում, այս ժամանակահատվածը վերաբերում է Երևանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, դրանից հետո էլ դեռ Եվրամիությունը պետք է գնահատի կատարված աշխատանքը:

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր խորհրդարանում լավատեսությամբ էր խոսում, որ հայաստանցիները վերջապես կազատվեն վիզաների հերթերից ու թղթաբանությունից:

«Իրատեսականորեն երկու-երեք տարվա մասին է խոսքը գնում, և աշխատում ենք էդ ուղղությամբ, էն դինամիկան, որ ունենք, բավականին հույս է ներշնչում, որ կհասցնենք», - ասաց Կոստանյանը:

Նախօրեին էլ ներքին գործերի նախարար՝ ազատականացման հարցով Երևանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանն էր համոզմունք հայտնել, որ երկու-երեք տարին միանգամայն իրատեսական ժամկետ է: Նախարարը վկայակոչում էր նաև օրերս Հայաստան այցելած Եվրամիության միանգամից երկու՝ ընդլայնման և միգրացիայի հանձնակատարներին:

«Գործընկերներս երկուսն էլ փաստել են եվրոպացի, որ շատ իրատեսական է վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության համար: Ես՝ որպես նախարարության կողմից պրոցեսի համակարգող, գլխավոր բանակցող, պիտի փաստեմ, որ ներգերատեսչական, այսինքն՝ ներհանրապետական կտրվածքով մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ երկու տարվա կտրվածքով մոտ պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը: Շատ իրատեսական է, որովհետև սա շատ ներդաշնակ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռեֆորմների օրակարգին», - հայտարարել էր Սարգսյանը:

Հայաստանի իշխանությունների սեղանին դրված 74-կետանոց ծրագիրը ներառում է բարեփոխումներ սահմանների և միգրացիայի համալիր կառավարումից մինչև ներքին ժողովրդավարական ռեֆորմներ՝ կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության բացառում, հանրային անվտանգություն:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը թերահավատությամբ էր խոսում պաշտոնյաների ասած երկու-երեք տարվա մասին:

«Բոլորը էս պահի դրությամբ գայթակղված սպասում են, որ էսա հայ-հայ վիզաները վերանալու են, և մենք գնալու ենք, և ոչ մեկ հասարակությանը չի կարում հստակ ասի, թե այդ պահը երբ է գալու: Այնուամենայնիվ, հիմա մենք արձանագրում ենք, որ առնվազն երկու-երեք տարի դեռ բանակցելու ենք», - ասաց Գևորգյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ մինչ Երևանը բանակցում է վիզաներից հրաժարվելու շուրջ՝ նույն Եվրամիությունը որևէ ձևով չի դյուրացնում գործող կարգը. դեսպանատներում հերթերը ձգվում են ամիսներով. - «Պրոցեսը որևէ ձևով չի բարելավվում, ոնց խնդրահարույց եղել է, վիճահարույց, մեր քաղաքացիների համար, պրոբլեմային՝ ստանալու տեսակետից, այսինքն՝ մերժումները շատացել են, ժամկետները տրամադրման վիզաների կրճատվել են. եթե առաջ կարային ստանային երկու, երեք, հինգ տարով, հիմա տալիս են կոնկրետ այցերով: Այս երկու պրոցեսը զուգահեռ ո՞նց է իրար հետ խոսալու, էլի»:

Փոխարտգործնախարար Կոստանյանը, սակայն, հավաստիացնում էր, որ այդ հարցը պարբերաբար բարձրացնում են Եվրամիության պաշտոնյաների առջև:

Եվրամիության հետ վիզաների ազատականացման գլխավոր պայմաններից է կենսաչափական անձնագրերի ներդրումը: Պաշտոնյաները խոստանում են, որ տարվա կեսից դրանք արդեն հասանելի կլինեն: Բարեփոխումներն արագ ավարտին հասցնելու դեպքում վիզաների ազատականացումը դեռ երաշխավորված չէ. Եվրոպական միությունը նաև քաղաքական բաղադրիչ է տեսնում այստեղ, օրինակ՝ հիմա Վրաստանին սպառնում են զրկել ազատ վիզային ռեժիմից՝ ժողովրդավարական հետընթացի պատճառով:

XS
SM
MD
LG