Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացման գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ: Հանրային քննարկման է ներկայացվել ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը, որը պիտի հուլիսի 8-ից հետո արդեն Կառավարության նիստում քննարկվի:
Նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ ՀԷՑ-ը հանրային նշանակության ենթակառուցվածք է, որի գործունեությունը ենթակա է խիստ պետական վերահսկողության։ Իսկ պետությունը, նախաձեռնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիայի դադարեցման գործընթացը, արդեն իսկ հնարավոր խախտումները գնահատել է որպես այնպիսիք, որոնք կարող են վնասել հարյուր հազարավոր բաժանորդների շահերը։ Ուստի «երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը, հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել»: Նախագիծը Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն է հեղինակել:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ երբ Կառավարությունն ընդունի այս որոշումը, նաև կներգրավվի ռեզիդենտ և լիցենզավորված անկախ գնահատող ընկերություն, որը պետք է գնահատի ՀԷՑ-ի շուկայական արժեքը, իսկ փոխհատուցումը, օրենքի համաձայն, այդ շուկայական արժեքն է՝ գումարած հավելյալ 15 տոկոս: Թե մոտավորապես ինչ գումարի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ:
«Թե ինչ կարժենա, չեմ կարող կանխատեսում անել, քանի որ ընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերը պիտի գնահատվեն, հաշվի առնվեն պարտքերը, ունեցած- չունեցած լիցենզիաները: Դա մի համալիր փորձաքննություն է, որը տևելու է ամիսներ, մասնագետները մանրակրկիտ աշխատելու են, և գնահատող ընկերության եզրակացությունը պատշաճ տեղեկացվելու է սեփականատերերին, և սեփականատերերը նույնպես ունեն իրավունք այդ գնահատումը վիճարկելու, եթե համաձայն չեն Կառավարության ընտրած գնահատողի եզրակացությանը, կարող են իրենց գնահատողին պատվիրակել և համադրել գնահատումները», - ասել է Պետրոսյանը:
Իսկ ի՞նչ արժե ՀԷՑ-ը: Միանշանակ պատասխան չկա: Ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, որ այս ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության թեկնածու էր, իսկ անցած շաբաթ կալանավորվեց ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով, այս տարվա փետրվարին պնդում էր, որ ՀԷՑ-ի արժեքը 1 միլիարդ դոլար է:
Չնայած Ղազինյանի այս պնդմանը՝ 2024-ին անկախ աուդիտորը եզրակացրել է, որ ՀԷՑ-ի սեփական կապիտալը մոտ 360 միլիոն դոլար է՝ չհաշված մի քանի հարյուր միլիոնի հասնող պարտավորությունները: Իրենք՝ Կարապետյանները, միջազգային արբիտրաժային հայցով 500 միլիոն դոլար փոխհատուցում են պահանջել Հայաստանի կառավարությունից:
Հայաստանի կառավարությունն, իր հերթին, ՀԷՑ-ի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել էր 62 միլիոն դոլարից մի քիչ ավելի գումար, բայց պայմանով, որ Կարապետյանները ընկերությանը վերադարձնեն վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ դարձյալ մոտ 62 միլիոն դոլար. այս դեպքում տարբերությունը, որ կմնա Կարապետյաններին, կկազմի 380 հազար դոլար։
Թե ինչ գումարներից է պետությունը վճարելու ՀԷՑ-ի համար, կամ թե ինչպիսին է լինելու ՀԷՑ-ի ճակատագիրը հանրային գերակա շահ ճանաչվելուց հետո, դեռ որևէ հստակեցում չկա:
Մինչև 2026 թվականի մայիսի 25 -ը Կարապետյանները կարող էին համաձայնության գալ Կառավարության հետ, սակայն նման բան տեղի չունեցավ, վերջնաժամկետը լրացավ, ու Կառավարությունն արդեն շրջանառել է պետական գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:
Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ կառավարության որոշումը հավանաբար ուժի մեջ կմտնի հուլիսի կեսերից, դրանից հետո ևս 8-10 ամիսների գործընթաց է սպասվում, եթե ՀԷՑ-ի սեփականատերը դատական գործընթացներ չսկսի, սկսելու դեպքում՝ գործընթացն է՛լ ավելի կերկարի:
«Տաշիր կապիտալ»-ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ այս պահին դեռ Կառավարության որոշման նախագիծը ուսումնասիրում են, հետևում են գործընթացին, դեռ որևէ մեկնաբանություն չեն տալիս, ըստ անհրաժեշտության հավելյալ կմեկնաբանեն:
ՀԷՑ-ը պետականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր այն նույն օրը, երբ հրապարակվել էր եկեղեցին պաշտպանելու մասին ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի կարճ հարցազրույցը: Այդ հարցազրույցից ժամեր հետո՝ անցած տարվա հունիսին գործարար Կարապետյանը հայտնվեց ճաղերի հետևում, ապա դեկտեմբերից ի վեր տնային կալանքի տակ է: Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ, հաշվված օրերի ընթացքում խորհրդարանը հրատապ կարգով օրենք ընդունեց, որը թույլ տվեց ստանձնել ՀԷՑ-ի կառավարումը: