Բաքու է այցելել Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը:
Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև այդ երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղ գործընթացի առաջխաղացումը, երկարատև և կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրանդմանն ուղղված քայլերը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ Մամեդովի ԱՄՆ կատարած այցի, ստորագրված եռակողմ հայտարարության, TRIPP նախագծի իրականացման աշխատանքների, ինչպես նաև երթուղու հետ կապված ենթակառուցվածքի շինարարությունը ղեկավարող TRIPP-ի Զարգացման ընկերություն ստեղծելու հարցերի շուրջ, փոխանցում են Բաքվից:
Քննարկվել է նաև Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ օրակարգը:
Անցած տարվա օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը Սպիտակ տանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը: Վաշինգտոնում նաև հայտարարվեց ԱՄՆ նախագահի անունը կրող նախագծի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի մասին: ԱՄՆ աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ:
TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս: Տարբեր երկրների կողմից TRIPP-ի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց Հայաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ կորոշվի երրորդ երկրների ներդրումային մասնակցությունը, մոտ երկու շաբաթ առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է: