Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը դատարանին Ռոբերտ Քոչարյանից 241 մլն դրամ բռնագանձելու միջնորդություն է ներկայացնելու


Փաստա

Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը վաղը կդիմի դատարան որպես նյութական վնասի փոխհատուցում գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանից իր պաշտպանյալի օգտին 241 մլն դրան բռնագանձելու միջնորդությամբ:

Դատարանն անցած շաբաթ որոշեց մասնակիորեն վերացնել սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։ Դատավոր Աննա Դանիբեկյանի հենց այս որոշումն էլ առիթ է հանդիսացել Քոչարյանից նյութական վնասի փոխհատուցում պահանջելու համար, ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը. – «Կոնկրետ Արթուր Ավագյանը միայն ամերիկայում վիրահատման համար կատարել է 250 հազար ամերիկյան դոլարի վճարում»:

Նախորդ դատական նիստին ամբաստանյալները միջնորդեցին պարտադրել գործը քննող Հատուկ քննչական ծառայությանը իրենց տրամադրել Մարտի 1-ի հիմնական գործի նյութերը՝ մոտ 600 հատոր։ Նրանց պնդմամբ, դրանցում առկա են Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հերքող բազմաթիվ ապացույցներ։

Սեդա Սաֆարյանը, որ նաև 2008-ի արյունալի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ էր, հակադարձում է` ասելով, որ այս գործը դատարան ուղարկելիս այդ պահին առկա բոլոր նյութերը տրամադրվել են կողմերին։

Սաֆարյանի կարծիքով, Քոչարյանն ու մյուս ամբաստանյալներն ամեն ինչ անում են, որ գործը չմտնի դատաքննության փուլ, երբ դատախազները կներկայացնեն մեղադրանքն ու կհրապարակվեն ամբաստանյալների մեղքն ապացուցող բազմաթիվ փաստեր. – «Նրանից հետո ում նկատմամբ ինչ կարգի ապացույցներ են հավաքել, մեծ հաշվով դա մեր խնդիրը չէ: Կարող է այդ գործերը ուղղակի առնչվեն Մարտի 1-ի հետ, ոչ թե կարող է, այլ իրականում առնչվում են Մարտի 1-ի հետ: Բայց դրանք վերաբերում են տարբեր անձանց, տարբեր մեղադրյալների, և օրենսդրությունը նման նորմ չունի, որ անջատված մասին հետո էն մյուս մասերի գործերն էլ քննեն և ուղարկեն: Որովհետև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր իրավունք են ստեղծել իրենց համար և ուզում են, որ ինչ քննվում է, Հատուկ քննչական ծառայությունը իրենց հաշվետվություն տա: Կամ ուսումնասիրեն, տեսնեն մեջը իսկապես իրենց օգտավետ բան կա, թե ոչ»:

Փաստաբանի կարծիքով, գործում չկա գեթ մեկ ապացույց, որը կհերքի Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների՝ 2008-ին Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, Պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի և 2008-ին Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի մեղադրանքը. – «Չկա այդպիսի ապացույց, որ արդարացնում է ամբաստանյալներին: Եթե ուրիշ բան չասեմ, ամբաստանյալները ոչ միայն նախաձեռնել են այս ամեն ինչը, ամբաստանյալները տեսել են, թե իրենց մոտ, իրենց կողքը ինչ ուժեր են կանգնած: Այսինքն` ամբաստանյալները գործել են խուժանի հետ, ամբաստանյալները թույլ են տվել, որ էդ խուժանը ներթափանցի սադրիչների անունով և կատարի բազմադրվագ գործողություններ... Քրեական գործով կան ցուցմունքներ, որ բարձրաստիճան զինվորականի`էսինչին երկար համազգեստով կամ դարչնագույն համազգեստով էսինչ կասկածահարույց դիմակավորված մարդիկ մոտեցան, խոսեցին... Այսինքն` սա հանցավոր համագործակցություն է բոլորի միջև կայացված»:

Գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, թե որոշ տեղեկություններ գործի նյութերում առկա չեն, մասնավորապես այն, որ զինվորականներ մայրաքաղաքում շրջել են զենքերով, և առկա են եղել տեղեկություններ զորամասերի վրա նախապատրաստվող հարձակումների մասին։

Սեդա Սաֆարյանը հակադարձում է՝ սրանով ամբաստանյալները փորձում են արդարացնել 12 տարի առաջ մայրաքաղաքում հանրահավաքները բիրտ ուժով ցրելու իրենց գործողությունները։ Մինչդեռ եթե նման փաստեր լինեին, ապա վաղուց մեղավորներ կլինեին. – «Այն, որ իրենց ժամանակին եթե նման բան լիներ, Ռոբերտ Քոչարյանի նման նախագահը, անհանդուժելի նախագահը չէր հանդուրժի էդ մարդկանց, և նրանց նկատմամբ քրեական գործեր կհարուցվեր: Ես վստահաբար եմ ասում սա»:

Տուժող կողմը շաբաթներ առաջ հայտարարեց, որ բոյկոտում են մեկ տարուց ավելի ձգձգվող դատական նիստերը, քանի որ գործն, ըստ էության, տեղից չի շարժվում։ Սեդա Սաֆարյանն ասում է՝ կվերադառնան նիստերի դահլիճ, երբ կողմնապահություն ցուցաբերող դատավոր Աննա Դանիբեկյանը հավասարակշռություն ապահովի կողմերի միջև. – «Դատարան վերադառնալը նշանակում է ենթարվել էն խաղի կանոններին, ինչ ամբաստանյալների շահերի պաշտպանները դատարանի և մյուս կողմի համար սահմանել են, ու նրանք ենթարկվում են: Մենք կոնկրետ չենք ուզում ենթարկվել էդ կանոններին, որովհետև էդ կանոնները շեղում են Մարտի 1-ի գործընթացը ճիշտ վերարտադրելուց և ընկալելուց»:

Սաֆարյանը պնդում է, թե ամբաստանյալի աթոռին գտնվողների մեղքն այնքան ակնհայտ է, որ այդ մասին ցուցմունքներ են տվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում և բարձրաստիճան ոստիկաններ են պատմել մայրաքաղաքի կենտրոնում ցուցարարների վրա արձակված կրակոցների մասին։

XS
SM
MD
LG