Մատչելիության հղումներ

«Լավ կլիներ՝ մեզ հիշեին, քանի դեռ այստեղ ենք, ոչ թե տուն հասնելուց հետո»

Մելինե Մուրադյանի ընտանիքը Թայլանդում
Մելինե Մուրադյանի ընտանիքը Թայլանդում

«Էստեղից գնում ենք Չինաստան՝ չեմ հիշում քաղաքի անունը, էդ քաղաքից գնում ենք ուրիշ քաղաք, էնտեղից գնում ենք Ալմաթի, Ալմաթիից՝ Շիմքենդ, Շիմքենդից՝ Թբիլիսի, Թբիլիսիից՝ Երևան: Ամենաէժան ու ամենահարմար տոմսը էդ է եղել, որ մենք կարողացել ենք գտնենք». - այսպես, մի կերպ չորս օրում Անի Ապիցարյանը վերջապես տուն կհասնի: Նա ընդամենը ծննդյան տոնն էր որոշել Ինդոնեզիայում նշել, վերադարձի ճանապարհը Սինգապուրով էր, ու հենց այստեղ էլ լռվեց՝ արդեն տասն օր:

«Մենք էդ ընթացքում գրել ենք Արտաքին գործերի նախարարություն՝ խոսնակին, ու մեկ էլ հյուպատոսարան, բայց արձագանք չենք ունեցել: Երեկ մեզ նոր Սինգապուրի հայկական դեսպանատնից զանգել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անին:

Պատմում է՝ Հայաստանի կառավարությունից հույսը կտրեց այն ժամանակ, երբ լսեց արտգործնախարարի խոսքը Շրի Լանկայում անզուսպ հանգստացող մեկի մասին. - «Սկզբնականում նաև ոնց որ Հայաստանի վրա էդքան հույս չդրեցի, որովհետև լսեցի Արարատ Միրզոյանի խոսքը, երբ որ ինքը ասում է, որ եթե մարդիկ կարում են գնան Շրի Լանկայում լողազգեստով նկար գցեն, ուրեմն կարան հետ գան տուն: Չգիտեմ, իմ համար դա աբսուրդ էր, երբ որ ես կարդում եմ, որ, չգիտեմ, Վրաստանից չարտերային թռիչքներ են անում էդ ժամանակ, Նիդերլանդը անում է, Ղազախստանը անում է, Բալկանները անում են, ու դու էդ պահին մտածում ես, որ Հայաստանը ինչ-որ ձևով քեզ կօգնի, բայց՝ ոչ մի պատասխան»:

«Մի մարդ, որը մի ամիս է համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի և բան անի, ինչի՞ մասին է խոսքը», - անցած շաբաթավերջին հայտարարել էր Հայաստանի արտգործախարարը:

«Ես որ եսիմինչ տեղեր չեմ մնացել կամ չգիտեմ ինչեր չեմ արել, ուղղակի ճամփորդել եմ, որը որ իմ վրա նստել է ամսական էնքան գումար, ինչքան որ ես Հայաստանում եմ ծախսում, տոմսերը չհաշված: Ճոխ ծախսեր ընդհանրապես չի եղել, նաև երկրները ոնց որ իրանք թանկ չեն, չգիտեմ ինչի են մարդիկ տենց արտահայտվում», - նշեց Անի Ապիցարյանը:

Խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներից Ջուլիետա Ազարյանն էր դիմել արտգործնախարարին ՝ ահազանգեր կան, թե Կառավարությունը ոչինչ չի անում Մերձավոր Արևելքում ստեղծված պատերազմական վիճակի ու թռիչքների չեղարկման պատճառով տարբեր երկրներում մնացած հայերին տուն բերելու համար:

«Մենք կազմակերպել ենք և կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Օման, որտեղ նաև կազմակերպում ենք, որտեղից արդեն թռիչքներ Մասկատից Երևան», - արձագանքել էր Միրզոյանը:

Ո՞ր երկրում քանի՞ հոգի է մնացել, ինչպե՞ս են Էմիրություններից Օման անվճար ավտոբուսով տեղափոխում հայերին, ինչպե՞ս են թռիչքի թույլտվություն տվել.... Արարատ Միրզոյանն այնքան մանրամասն ու հոգատարությամբ ներկայացրեց, որ պատգամավորը համոզվեց՝ Կառավարությունը հոգում է չեղարկված թռիչքների պատճառով դրսում մնացած հայաստանցիների բոլոր հոգսերը՝ ավիատոմս, հյուրանոցն ու սնունդը ներառյալ:

«Մի քիչ արդար չի նաև պահանջը Կառավարության նկատմամբ՝ նաև էս տոմսը առնել, նաև՝ էն», - նշել էր նախարարը:

Իրանում պայթած պատերազմի սկզբից ի վեր Կառավարությունն ապահովել է հանգստի մեկնած ու փաստի առաջ կանգնած քաղաքացիների տեղափոխությունը ավտոբուսով մինչև Օման, այնտեղից Երևան թռիչքի համար մարդիկ 1000 ու ավելի եվրո են վճարել FlyOne ավիաընկերությանը, որ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին է պատկանում: Նույն ավիաընկերությունը Հնդկաստանի Գոա քաղաքից Երևան տեղափոխեց այդ երկրում մնացած զբոսաշրջիկներին՝ յուրաքանչյուրը 400 հազար դրամով: Եվ միայն համացանցում թափ առնող քննադատությունից հետո Արտգործնախարարությունը մի կողմ դրեց Շրի Լանկայից լողազգեստով նկարներ տարածող անհոգ զբոսաշրջիկի թեզն ու հայտարարեց՝ Կառավարությունը մինչև 250 հազար դրամով կփոխհատուցի այն հայաստանցիներին, որոնց տարանցիկ չվերթները չեղարկվել են պատերազմի պատճառով, ու նրանք նոր տոմսեր են գնել Հայաստան հասնելու համար: Տարբեր ուղիներով մի կերպ տուն հասածները դեռ չգիտեն փոխհատուցման կարգը: Արտգործնախարարությունից ասացին՝ մեխանիզմների մշակումը ընթացքում է:

«Միգուցե էն, որ մենք բացատրեցինք, որ իրականում, միգուցե մենք աշխարհի ծերն ենք հասել, բայց դա արել ենք մի տարի առաջ պլանավորելով և մինիմալ բյուջեով, և էդ բյուջեն կազմել էր շատ մինիմալ գումարներ». - չեղարկված թռիչքի պատճառով Թայլանդում մնացած Մելինե Մուրադյանը հույս ունի, որ Կառավարությունը հասկացավ՝ անսահման ֆինանսական հնարավորություններով մարդիկ չեն մեկնում հանգստի, շատերն են երազանքի ուղղությունը գծում մեկ տարի առաջ, գումար հավաքում ու նվազագույն ծախսերով շրջագայում: Մելինեն ամուսնու ու երեխայի հետ անընդհատ երկարացնում էին կեցությունը հյուրանոցում, մինչև տուն հասնելու ճամփա գտան ՝ անվտանգ ու մի քիչ տանելի գնով:

«Դեռ հյուրանոցում ենք, մեր նույն հյուրանոցում կարողացանք բանակցել՝ ավելի մատչելի գներ մեզ տրամադրեն, առնվազն նույն գնով կարողացանք շարունակել մնալ էստեղ մինչև ամսի 11-ը», - «Ազատությանը» ասաց Մելինե Մուրադյանը:

«Լավ կլիներ, որ մեզ հիշեին, քանի դեռ այստեղ ենք, ոչ թե տուն հասնելուց հետո», - խոստացված փոխհատուցման մասին է խոսում Մելինեն: Չորս տարբեր թռիչքներով Թբիլիսի հասնելը, բնականաբար, 250 հազար չէ, նույնն է ասում Սինգապուրում մնացած Անին. - «Իմ թռիչքի անգամ կեսը 250 հազար դրամ չի, իմ թռիչքը շատ շատ թանկ եմ առել»:

Մինչև 250 հազար փոխհատուցման կառավարական խոստումն, այնուամենայնիվ, չճամփորդողների դժգոհությունն է առաջացրել, ասում են՝ «ինչո՞ւ պիտի մեր հարկերից, բյուջեից փող հատկացվի»:

Անընդունելի է այդ քննադատությունը Խանում Ղազարյանի համար. - «Մենք էլ ենք հարկատու, էնպես չի, որ մենք, չգիտեմ, թե Լուսնից ենք իջել: Բնականաբար, մենք էլ ենք հարկ տալիս, մենք էլ ենք էդ պետության քաղաքացին, ինչի՞, իրենք էդքան ավելի շատ ե՞ն ցավում Հայաստանի Հանրապետության, կամ իրանց ներդրումը շատ անգամ ավելի՞ն է, քան մեր»:

Մարտունեցի մանկավարժը, իր ձևակերպմամբ, խիստ պլանավորված ծովային շրջագայության էր մեկնել հենց Թեհրանի երկնքում հրթիռների հայտնվելու առաջին օրը: Նավը Դուբայի նավահանգստից ոչ մի մետր չշարժվեց, տիկին Խանումը հանգստացողից վերածվեց պատերազմի ականատեսի. - «Անձամբ տեսել եմ՝ էդ անօդաչուն հավանաբար ոչնչացրեցին, մի հատ բզզոց, էսպես բոցավառվեց թափով աչքիս առաջ ու, մենք նավի վրայից էինք իհարկե տեսնում»:

Այժմ Շարժայում են, այդտեղից անվճար կհասնեն Օման՝ Մասկատ , որտեղից էլ հույս ունի վաղը Երևան հասնել 300 հազար դրամանոց տոմսով: Ի դեպ, այս հինգշաբթի վերջին թռիչքն է Օմանից:

Տիկին Խանումը ձախողված հանգստի մասին մեղմ ձևակերպումներով է խոսում՝ դրական հիշողություններ չկան. - «Չենք կարողացել մենք էսթետիկական հաճույք ստանանք»:

XS
SM
MD
LG