Մատչելիության հղումներ

Դուբայից առաջին չվերթն է ժամանել Երևան ռազմական գործողություններից ի վեր

Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան՝ համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի:

Սա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից՝ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո, Դուբայից Երևան ժամանող առաջին չվերթն է:

Դուբայ-Երևան ևս մեկ չվերթ դեռ չի ժամանել։ Վայրէջքը նախատեսված էր 10։25-ին, սակայն ուշացումով սպասվում է 13։46-ին։

Այս պահի դրությամբ չեղարկված են Դուբայ-Երևան, Աբու Դաբի-Երևան և Դոհա-Երևան չվերթները։

Իրանը հայտարարել է մերձավորարևելյան երկրների ամերիկյան ռազմաբազաները թիրախավորելու մասին, մինչդեռ Ծոցի երկրները պնդում են, որ հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ օդանավակայաններին:

Այս օրերին մի շարք թռիչքներ չեղարկվել են: Դրանց պատճառով տարբեր երկրներում մնացած Հայաստանի քաղաքացիները շարունակում են անորոշության մեջ սպասել՝ Դուբայ, Աբու Դաբի, Դոհա, շատերն էլ այս քաղաքներից տարանցմամբ ավելի հեռու՝ Շրի Լանկա, Հնդկաստան:

Կառավարությունն առայժմ միայն առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներից, որոնց գները սկսվում են հազար եվրոյից:

Վերջին օրերին Մասկատից երկու օդանավ է ժամանել Երևան, առաջին թռիչքի տոմսեր գնել է Հայաստանի ընդամենը 15 քաղաքացի, իսկ 2 օր առաջ օդանավը 90-ից ավելի հայաստանցիների է բերել: Այսօրվա ամենամատչելի տոմսը 1200 եվրո է:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում հիշեցրեց՝ պետությունը միայն ապահովել է, որ մարդիկ ցամաքային ճանապարհով հասնեն Մասկատի օդանավակայան:


XS
SM
MD
LG