Մատչելիության հղումներ

Գերմանիայում քննադատում են Շրյոդերին Պուտինի ծննդյան օրը նրան այցելելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հանդիպում են Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հանդիպում են Մոսկվայում, արխիվ

Գերմանիայում կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և շատ այլ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ քննադատում են նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա ծննդյան օրը նշելու համար:

Պուտինը հոկտեմբերի 7-ին դարձավ 74 տարեկան: Ինչպես հաջորդ օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, «Պուտինը առավոտյան լրատվամիջոցների հաղորդագրություններից տեղեկացել է, որ Մոսկվայում է Գերհարդ Շրյոդերը», և «հին ընկերոջն իր տուն է հրավիրել»: «Գերհարդ Շրյոդերը Վլադիմիր Պուտինի հետ էր, երբ պետության ղեկավարը երեկ նշում էր իր ծննդյան օրը», - հոկտեմբերի 8-ին հաղորդել է Կրեմլը՝ հրապարակելով լուսանկար: Թե որտեղ է Պուտինը նշել իր ծննդյան օրը, չի հաղորդվում:

Պաշտոնապես Շրյոդերը Ռուսաստան է ժամանել իբրև «Գլոբուս» հիպերմարկետների սեփականատեր «Հիպերգլոբուս» ՍՊԸ-ի՝ գերմանական Globus Holding-ի նախկին դուստր ձեռնարկության դիտորդ խորհրդի անդամ: Հոկտեմբերի 7-ին նախկին կանցլերն այցելել է Մոսկվայում գործող հիպերմարկետներից մեկը:

Մերցը, ըստ Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղարի, «ցնցված էր» Շրյոդերի այցից և Պուտինի ծննդյան օրվա տոնակատարությանը նրա մասնակցությունն անվանել է «անբարո»: Այլ քաղաքական գործիչներ ավելի կտրուկ են արտահայտվել՝ մասնավորապես, նախկին կանցլերի գործողությունները որակելով «դավաճանություն Եվրոպային և սեփական երկրին», «խայտառակություն Գերմանիայի համար», Շրյոդերին անվանելով «Գերմանիայի ամենալկտի թոշակառու»:

Գերհարդ Շրյոդերը Գերմանիայի կառավարությունը գլխավորել է 1998-2005 թվականներին: Նրա և Պուտինի ընկերական հարաբերությունների մասին բազմիցս է հաղորդվել: Շրյոդերը «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, այդ պաշտոնը թողել է միայն 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Ներխուժումից հետո նա այցելել է Մոսկվա, հանդիպել Պուտինի հետ և իր հասցեին քննադատությանը հակադարձել, թե ձգտում է խաղաղության հասնել: Ռուսաստանի նախագահը նախկին կանցլերին էր առաջարկել որպես խաղաղության բանակցություններում Եվրամիության հնարավոր ներկայացուցիչ, ինչը Բեռլինն անմիջապես մերժել էր:

Իր ռուսամետ դիրքորոշման պատճառով Գերհարդ Շրյոդերը Գերմանիայում զրկվել է մի շարք պաշտոններից և արտոնություններից, բայց շարունակում է անդամակցել Սոցիալ դեմոկրատական կուսակցությանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG