Մատչելիության հղումներ

Գերմանիան 50 հազար հարվածային անօդաչուի արտադրություն է ֆինանսավորում Ուկրաինայի համար․ Reuters-ի աղբյուր

Ռուսաստան - Ուկրաինական անօդաչուն Ուֆայի երկնքում, 8-ը հուլիսի, 2026թ․
Ռուսաստան - Ուկրաինական անօդաչուն Ուֆայի երկնքում, 8-ը հուլիսի, 2026թ․

Գերմանիան 50 հազար հարվածային անօդաչուի արտադրություն է ֆինանսավորում Ուկրաինայի համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրին։

Սա Ուկրաինայի համար Արևմուտքի կողմից գնված անօդաչուների ամենամեծ խմբաքանակն է, որը հրապարակայնորեն հայտնի է, գրում է լրատվական գործակալությունը։

Հարձակողական անօդաչուների պատվերը ներառում է ուկրաինական խոշոր արտադրող «SkyFall» ընկերության կողմից կառուցված «Shrike» առաջին դեմքից դիտմամբ (FPV) ԱԹՍ-ներ։ Դրանք հագեցած են ամերիկյան «Auterion» պաշտպանական տեխնոլոգիաների ընկերության ծրագրային ապահովմամբ, որը նախատեսված է թռիչքի վերջնական փուլում շարժվող թիրախներն ինքնուրույն կերպով հետապնդելու և խոցելու համար։

«Auterion»-ի գլխավոր տնօրեն Լորենց Մայերը հաստատել է պայմանագրի ծավալը՝ մանրամասնելով, որ այն շուրջ 90 միլիոն եվրո արժե և ֆինանսավորվել է եվրոպական մի երկրի կողմից։ Մայերը Reuters-ին հայտնել է, որ ԱԹՍ-ների մի մասն արդեն Ուկրաինայում է, իսկ մնացածը նախատեսվում է ընթացիկ տարվա ընթացքում մատակարարել Ռուսաստանի հետ պատերազմող երկիր։

Նա նշել է, որ ընկերությունն այս տարի տարբեր սարքավորումներ արտադրող ընկերությունների հետ համագործակցությամբ և արևմտյան մի քանի կառավարությունների ֆինանսավորմամբ աջակցում է Ուկրաինային ընդհանուր 100 հազար ԱԹՍ-ներ մատակարարելու հարցում։

«SkyFall»-ը հաստատել է Գերմանիայի ներգրավվածությունը, սակայն նշել է, որ ընկերությունը չի կարող մեկնաբանել գնման մանրամասները։

Թե՛ Գերմանիայի, թե՛ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները հրաժարվել են պատասխանել պայմանագրի վերաբերյալ Reuters-ի հարցմանը։


XS
SM
MD
LG