Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը տապալվել է. խորհրդի աշխարհիկ անդամները հարցաքննության էին կանչվել

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն այսօր տապալվել է: Քննչական կոմիտեն աշխարհիկ անդամներին այդ նույն ժամին հարցաքննության է կանչել: «Կանչել են, որ ձախողեն հոգևոր գերագույն ժողովը», այսպես է մեկնաբանում Մայր Աթոռի փոխարեն Քննչական կոմիտե ներկայացած Գևորգ Դանիելյանը:

Մայր Աթոռում մի քանի օր է սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ու այսօր չի շարունակվել քննչականի ծանուցումների պատճառով, երբ ոչ մի հրատապ բան չկար, ասում է փաստաբան Ռուբեն Մեիքյանը, որ նույնպես քննչականում է եղել:

Փաստաբանի խոսքով.- «Այն նույն ժամին, երբ պետք է ընթանար գերագույն հոգևոր խորհրդի նիստը և, ըստ էության, սա նույնպես եղել է միջամտություն գերագույն հոգևոր խորհրդի, այսինքն՝ մեր Մայր եկեղեցու ներքին գործերին անուղղակի միջամտություն»։

Հայաստանում ապրող չորս աշխարհիկներին հրավիրել են հենց այն նույն գործով, որով անցած ամիս մեղադրանք առաջադրեցին կաթողիկոսին, յոթ հոգևորականներին, արգելեցին երկրից դուրս գալ, ու նրանք չկարողացան մասնակցել Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովին: Նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար: Դատարանը պարտավորեցրել է, որ Փաշինյանին միացած ու նախկին եպիսկոպոս՝ Արման Սարոյանին կաթողիկոսը վերականգնի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Վեհափառի տնօրինությամբ նա կարգալույծ է եղել ու էլ հոգևորական չէ:

Աշխարհիկ անդամներն այս գործով վկայի կարգավիճակ ունեն: Հայտնում է փաստաբանը: Արդյոք նրանք էլ կդառնան մեղադրյալ, Քննչական կոմիտեից չեն մեկնաբանում:

«Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագի տեքստում այդպիսի բան չկա, ասենք, պատարագի տեքստից շեղվում են և ասում են՝ հղում են անում Արցախի Հանրապետություն և այլն, և այլն։ Շատ լավ, հասկացա։ Եկեք բոլորս սկսենք, ենթադրենք, հղում ենք անում Արցախի Հանրապետություն։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ»,- Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի տապալմանը զուգահեռ այսօր վարչապետը կառավարությունում բողոքում էր հոգևորականներից, որ պատարագից հետո մարդկանց հետ խոսում են Արցախի ու արցախցիների վերադարձի մասին: Արցախի թեման Փաշինյանի մեկնաբանմամբ՝ պատերազմի կրակ է:

Վարչապետն ասում է.- «Եվ ամեն անգամ, երբ որ խորանից, ասենք, հղում են անում, երբ որ ամեն ամբիոնից ասում են Արցախի Հանրապետություն, դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է»։

Նույն պահին Փաշինյանը հիշեց իր խոսքերը 44-օրյա պատերազմից առաջ. «Արցախը Հայաստան է և վերջ». «Գիտեմ, հեսա կասեք՝ բա ինչի եք Դուք ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»․․․ Աստվածաշնչում մի սենց հատված էլ կա, հիմա վստահ չեմ, որ բառացի կմեջբերեմ, երբ ասում է՝ ողբ արեցինք, և դուք լաց չեղաք, կներեք, ճշգրտությունը չեմ երաշխավորում, նվագ հնչեցրինք, և դուք պար չեկաք»։

Կաթողիկոսն է միջազգային հարթակներում խոսում արցախցիների վերադարձի իրավունքի, Բաքվի բանտերում պահվող հայերի ու հայ ժողովրդի մշակութային արժեքների մասին, որ ոչնչացնում են ադրբեջանցիները:

«Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը կառավարվում է պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով և տրամաբանությամբ։ Ես սա երբեք չեմ էլ թաքցրել, բայց ինչպե՞ս է, այդ հոգևոր ոլորտում, այդ խոցերը, երեկ ասեցի, որ խոցելի են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն»,- ասաց վարչապետը։

«Նիկոլները կգան ու կգնան, եկեղեցին հարվերժ կմնա, մենք մեր ուխտին հավատարիմ ենք»,- ասում է Տեր Վրթանեսը, շարունակում՝ եթե մեկը կա, որ Հայաստանում ամենամեծ պատերազմն ու ամենաշատ զոհերն է բերել, Նիկոլ Փաշինյանն է, ո՞ւմ է մեղադրում, զայրանում է Տեր Վրթանես քահանան, ընդգծելով՝ պատերազմն ու կորուստները կառավարության քաղաքականության հետևանքն են, ոչ թե հոգևորականների զրույցների.

«Ամենաշատ պատերազմ, ամենաշատ զոհեր եղել են Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, ամենաշատ հաշմանդամներ, պատերազմի հետևանքով զոհեր և ամենաշատ բախումները եղել են Նիկոլ Փաշինյանի ժամանակ»,- ասում է Տեր Վրթանես քահանան։

Փաշինյանի սպառնալիքը, թե հայրենիքն ու տները կորցրած մարդկանց մասին խոսելով պատերազմ կգա՝ կեղծ է: Ասում է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը: Նոր պատերազմի ու նոր կորուստների վտանգը Տեր Վրթանեսի տպավորությամբ՝ ուրիշ տեղից է, նրա խոսքով. «Ոչ թե պիտի արցախցիների հայրենիք վերադառնալու մասին չխոսվի, ոչ թե պիտի Արցախի Հանրապետության անունը չտրվի, ռազմաքաղաքական ղեկավարության կամ Բաքվի բանտից վերադարձի մասին պիտի չխոսվի, այլ ընդամենը պիտի Նիկոլ Փաշինյանին մենք ձայն չտանք, որպեսզի այս վիճակից ազատվենք»։

Վարչապետի այսօրվա զգուշացումը կլռեցնի՞ հոգևորականներին, կհրաժարվե՞ն թեմաներից, որ Փաշինյանն իր խաղաղության ծրագրի խոչընդոտն է համարում, ոչ, կտրուկ պատասխանում է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, շեշտելով՝ արցախցիների վերադարձի մասին միշտ պետք է խոսել ու բարձր ամբիոններից:

XS
SM
MD
LG