Հայաստանի կառավարությունն արդեն երրորդ օրն է՝ տեղեկություն չունի Իրանում ապրող հայերի մասին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է՝ ինտերնետի և հեռախոսային կապի խափանման պատճառով այս պահին հնարավորություն չկա գնահատելու իրավիճակն ու դրանից բխող որոշումներ կայացնելու:
«Իրանում ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, և շարունակելու ենք մեր ջանքերը՝ կապ հաստատելու: Չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին: Հենց որ տեսնենք՝ համապատասխան տեղեկություն ունենք Իրանի մեր հայրենակիցների հետ կապված, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անել կառավարությունում, իհարկե, դա կանենք», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սինանյանը:
Երևանը դիտարկում է Մեղրիի անցակետով Հայաստան եկող իրանցիների միջոցով տեղեկության հավաքագրումը, մինչև կվերականգնվի ինտերնետը. «Նման դեպք երբ որ եղավ 12-օրյա պատերազմի ընթացքում, մենք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին Մեղրիում և սահմանն անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ: Երևի նույն բանը պիտի սկսենք այսօրվանից անել այնտեղ, որովհետև այլապես բնական է՝ այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում»:
Մինչ այդ Հայաստանում հաստատված իրանցիները բողոքի ակցիաներ են անում Երևանում իրենց երկրի դեսպանատան դիմաց՝ պահանջելով դադարեցնել արյունահեղությունը:
«Առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չեղարկվի, և շահը վերադառնա: Ոչ մի կապ չկա Իրանի, ոչ իմ ընտանիքի, ոչ էլ ուրիշների հետ: ԻԻՀ-ն հիմա մարդկանց զենքերով է սպանում, այն զենքերով, որ պիտի ուրիշ պետությունների դեմ օգտագործի: Այս անգամ կարծում եմ՝ հեղափոխությունը հաջողելու է», - ասաց իրանցիներից մեկը:
«Վիճակը շատ վատ է, մի քանի օր է՝ ոչ ինտերնետ կա, ոչ տելեֆոն», - հավելել է մեկ ուրիշը:
Մեկ այլ իրանցու կարծիքով՝ մարդիկ արդեն ծայրահեղ տնտեսական իրավիճակում են:
Հայաստանաբնակ Փարսան ասում է՝ բողոքի զանգվածային ակցիաներին կիրառվող ուժն այս անգամ ավելի սաստիկ է:
«Նրանք խաղաղ ցուցարարներին, բնակիչներին սպանելու, դաժան բռնությունների մեծ փորձ ունեն։ Այս անգամ որոշ չափով նույնիսկ ավելի ծայրահեղ է, ավելի բիրտ: Մենք ունենք ապացույցներ և տեղեկություններ, որ բուժհաստատություններում վիրաբույժները չեն բավարարում, հիվանդանոցներ տեղափոխվող վիրավորների թիվը շատ մեծ է», - ասաց նա: