Մատչելիության հղումներ

Երկու շաբաթ է Վիգենն ու Լինդան միասին են, բայց մեղրամիս չէ

Վիգեն և Լինդա Էուլջեքյանների հանդիպումը Երևանում, 15-ը հունվարի, 2026թ.
Վիգեն և Լինդա Էուլջեքյանների հանդիպումը Երևանում, 15-ը հունվարի, 2026թ.

Բաքվի բանտում ավելի քան հինգ տարի անցկացրած Վիգեն Էուլջեքյանն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի՝ դժվար է քայլում, ծանր է լսում, երեկ էլ ճնշումը թռավ:

«Երեկ Վիգենին տեղափոխեցինք հիվանդանոց։ Ճնշումն էր բարձրացել ՝ 210 էր: Բժիշկները որոշեցին, որ նրան սրտի հետազոտություններ են պետք: Հինգշաբթի օրը կհետազոտեն», - ասաց կինը՝ Լինդա Էուլջեքյանը:

Ամուսինների հանդիպման կադրերում հուզմունք է, ուրախություն: Լինդան ասում է՝ երկու մետրից ավելի է հեռանում՝ Վիգենը կորցնում է իրեն, անընդհատ փնտրում ձեռքը. - «Անընդհատ ստուգում է ձեռքս, ասում՝ «Լինդա, առանց քեզ ... »:

Երկուսով երևանյան հյուրանոցներից մեկում են: Առավոտյան արթնանում է՝ Վիգենն արդեն պատուհանին շարված ծտերին է կերակրում:

«Արթնանում եմ՝ արդեն հաց է փշրում թռչունների համար, ասում է՝ «բանտում էլ ամեն օր նույնն եմ արել, հույսով, որ մի օր ես էլ նրանց պես ազատ կլինեմ», - պատմեց կինը:

Գերության տարիների մասին ամուսինը շատ չի պատմում, Լինդան է հարցերով ինչ-որ դրվագներ կորզում. - «Հարցնում եմ իրեն, անընդհատ, խնդրում եմ՝ «պատմիր», երբեմն պատմում է, երբեմն սկսում է արտասվել: Դժոխքի պես է եղել, ոչ ոք չի կարող երևակայել, թե ինչ էր այնտեղ, ինչերի միջով են անցել»:

Բանտախցում Վիգենը մենակ է եղել, կնոջը պատմել է՝ ժամանակ առ ժամանակ մի քանի հայերի տեղափոխել են նույն խուց, բայց հիմնականում լռության մեջ է անցկացրել և հիմա էլ, ըստ Լինդայի, դժվարությամբ է զրույցի բռնվում, դեռ անսովոր է: Ազատության առաջին հինգ օրերեին ոչ մի վայրկյան չի քնել. - «Անընդհատ քայլում էր, գնում-գալիս»:

Վիգենը բժիշկների կարիք ունի, անհանգստացած է կինը՝ հույսով, որ ամեն ինչ տեղը կընկնի: Անհանգստացնում է նաև ապագայի անորոշությունը. բանտում Վիգենի միակ հոգսը ազատությունն էր, հիմա, ասում է, ավելացել են հոգսերը՝ տուն վարձել, գործ գտնել, ընտանիք պահել:

«Երիտասարդ տարիներից միշտ է ուզել Հայաստան գալ, իր հայրենիքը, ուզում էր ես էլ գամ, Սերժն ու Քրիստինը նույնպես», - նշում է Լինդան:

«Գալու է Լիբանան՝ տեսնելու ընկերներին, եղբորը». - փետրվարի կեսին Վիգենի անձնագիրը պատրաստ կլինի, ու երկուսով կմեկնեն Լիբանան՝ որդին ու դուստրը սպասում են: Իսկ Վիգենի մայրը մահացավ, երբ որդին բանտված էր Բաքվում, տիկին Բեատրիսը մահացավ անհանգիստ:

Լինդան կարծում է՝ Լիբանան կմեկնեն մեկ-երկու ամսով: «Այստեղ շատ սեր տեսանք», - ասում է: Տաքսիով տեղ են գնում՝ վարորդը փող չի վերցնում, ռեստորան են գնում՝ հյուրասիրում են, հաճելի է, ասում է Լինդան, ծիծաղում՝ Վիգենը հիմա երեխայի պես ուտելիք է ուզում. - «Երկու անգամ սնունդ գնելու համար սուպերմարկետ գնացինք, ինչ տեսնում է, ասում է՝ «վայ, սրանից քանի տարի չեմ կերել»:

Դաշնակցության ներկայացուցիչներ, «Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Սարգսյանը՝ ընտանիքով, Սփյուռքի գործերի հանձնակատարը... մեկը տոմս գնեց, որ Լինդան գա, մյուսը թղթերով զբաղվեց, հյուրանոցում տեղավորեց, գումար տվեց. այս պահին Վիգենն ու Լինդան ուշադրությամբ են շրջապատված:

«Գնում ենք ընթրելու... Ես ամեն ինչ տեղադրում եմ սոցցանցերում։ Մարդիկ կան, որ մեղադրում են նրան, թե ինչու ենք ուրախ, ինչու ենք տոնում, «ամոթ ձեզ», բայց դա նորմալ չէ, Վիգենը հիմա ազատ է, կարիք ունի մեր սիրո», - նշեց Լինդան՝ շարունակելով. - «Ցանկությունս է, որ բոլոր գերիների ընտանիքներն էլ մեզ պես ուրախ լինեն, մենք անընդհատ հիշում ենք նրանց»:

Վիգենը նույնպես հետևում է սոցցանցային մեկնաբանություններին, գրառումներին ու վերջին օրերին դրանց պատճառով շատ նյարդային վիճակում է հայտնվել, կինը ենթադրում է՝ այդ պատճառով էլ հիվանդանոց է ընկել: Վիգեն Էուլջեքյանը գերեվարվել էր եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ նույնպես լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ Շուշի էին գնում՝ պաշտոնական լրատվությանը հետևել ու այդտեղ Շուշիի գրավման մասին ոչինչ չէին գտել։ Մարալը գերությունից ազատվեց 2021-ին:

«Մարալը մեր ընկերն է, Վիգենի ընկերն է, իմ ընկերն է: Երբ նա ու Վիգենը բանտում էին, Լիբանանում մեր ընտանիքները միասին էին: Երբ Վիգենը բանտում էր, Մարալի հետ խոսել ենք ամեն օր, օգնում էր ինձ, որ բարձրաձայնեմ Վիգենի մասին», - ընդգծեց Լինդան:

«Վատ բաներ մի գրեք, մարդկային եղեք, Վիգենը կարդում է դրանք», - համացանցի աշխույժներին խնդրում է Լինդան: Բարեբախտաբար հայերեն կարդալ չգիտի, բայց խոսել սովորում է. - «Բարև, ինչպե՞ս եք, շատ կարոտցա քեզի, պիտի էրթամ հոն, պիտ աշխատիմ, այլ, այլ բաներ ... »:

XS
SM
MD
LG