Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի առնչությամբ քրեական գործը պետք է կարճվի, քանի որ, ըստ փաստաբան Արմինե Ֆանյանի, այս դեպքում քրեական հետապնդման առավելագույն եռամսյա ժամկետն ավարտվել է, բայց գործը դատարան չի հասել:
Նախաքննական մարմինը գործը ավարտելու ու դատարան ուղարկելու կամ կարճելու փոխարեն, քրեական հետապնդումը մարտին կասեցրել է: Ըստ փաստաբանի՝ այդպես են որոշել՝ գործը ձգձգելու նպատակով:
«Այս կասեցումը վերաբերում էր միջազգային հարցման ինչ-որ պատասխան ստանալու անհրաժեշտությանը, մինչդեռ, այս գործը միջազգային որևէ ատյանի հետ էր կապված, ոչ արտերկրի հետ էր կապված, ոչ էլ կարող էր կապված լինել ընդհանրապես: Ակնհայտ է, որ սա պարզապես պատրվակ էր, որպեսզի քրեական հետապնդման ժամկետները կասեցվեին ու ժամանակ շահեին», - նշեց Ֆանյանը:
Պաշտպաններն այս որոշումը բողոքարկել էին ու հիմա դատարանը որոշել է, որ քննչականը հետապնդումը անհիմն է կասեցրել և այդպիսով խախտվել են Նաթան, Հովնան ու Մակար սրբազանների իրավունքները, «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց փաստաբան Արմինե Ֆանյանը:
«Խախտվել է ողջամիտ և օրենքով սահմանված ժամկետում քրեական հետապնդման հարցը լուծելու նրանց իրավունքը», - ընդգծեց նա:
Փաստաբանի մեկնաբանմամբ՝ դատարանի այս որոշումը երեք սրբազանի օգտին, նշանակում է, որ պետք է կարճեն այս քրեական գործը: Ֆանյանը հղում է անում Քրեական դատավարության օրենսգրքին. «Եթե քրեական հետապնդման ժամկետները սպառվում են և այդ ընթացքում գործը չի ուղարկվում դատարան, արդարացման հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այսինքն, այս պայմաններում մենք ունենք դատավարական հիմք, այդ առնվազն երեք բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Եթե մենք ֆիզիկապես համարենք, որ այդ ակտը ոչ իրավաչափ էր, գոյություն չունի օբյեկտիվ իրականության մեջ, հետևապես այդ ժամկետները սպառվել են»:
Քննչականը, որ Կաթողիկոսին ու եպիսկոպոսներին մեղադրում է դատարանի որոշումը չկատարելու համար, չի դադարեցրել քրեական հետապնդումը: Արմինե Ֆանյանի տեղեկություններով՝ օրերս գործի քննությունը համարել է ավարտած ու ուղարկել է Գլխավոր դատախազություն՝ հաստատելու մեղադրանքը:
Գլխավոր դատախազությունից չհաստատեցին, որ Քննչականից ստացել են գործը, բայց «Ազատությանը» հայտնեցին, որ առաջին ատյանի որոշումը բողոքարկելու են:
Մայր Աթոռի վերնախավի դեմ քրեական գործը հարուցվեց այս տարվա հունվարին, երբ դատարանը որոշեց, որ Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավին միացած Գևորգ սրբազանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Նրան պաշտոնանկ էր արել Վեհափառը: Մայր Աթոռից հիմնավորում էին, որ դատարանի որոշումը եկեղեցու ներքին կյանքին հակասահմանադրական միջամտություն է:
Գևորգ Սարոյանին Կաթողիկոսը ոչ միայն չվերականգնեց, այլ նաև կարգալույծ արեց: Այս գործով մեղադրանք առաջադրեցին Գարեգին երկրորդին, Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ, Վահան սրբազաններին ու տեր Մովսես քահանային, որ Գևորգ սրբազանի կարգալուծության նիստի քարտուղարն էր եղել: Նրանց արգելեցին բացակայել երկրից, ինչի հետևանքով տապալվեց Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսաց ժողովը:
Այս քրեական գործը հոգևորականները որակում էին եկեղեցու դեմ ճնշում: Դեռ պարզ չէ՝ ինչ կորոշի Գլխավոր դատախազությունը՝ կհաստատի՞ բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, թե՞ լրացուցիչ քննություն կնշանակի:
Փաստաբանի տեղեկություններով՝ գործն առաջիկայում պատրաստվում են ուղարկել դատարան: