Մատչելիության հղումներ

«Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև». Բայրամովը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի որպես «Միջին միջանցքի» նոր երթուղի», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի իր գործընկերոջ Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում՝ Հայաստանի սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75 տոկոսով։ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ երկու նախագծերի ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Նախիջևանում էլ սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։

«Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա Զանգեզուրի միջանցքի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանից։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս նախագծի ավարտը կարևոր նշանակություն ունի։ Պայմաններ կստեղծվեն Եվրոպայից Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով հաղորդակցություն ապահովելու համար», - նշել է Ջեյհուն Բայրամովը։

Բաքուն, որ հաճախ «Թրամփի ուղու» փոխարեն գործածում է Երևանի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, պարբերաբար հայտարարում է, թե իր կողմում ամեն ինչ գրեթե պատրաստ է շահագործմանը: Երևանում, մինչդեռ, դեռ փաստաթղթային աշխատանքներ են ընթանում և՛ ներսում, և՛ ամերիկյան կողմի հետ:

TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս:

TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է: Նախ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյոք այն չի հակասում Հայաստանի սահմանադրությանը, ապա դրական եզրակացությունից հետո փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան՝ վավերացման: ՍԴ-ն այսօր կսկսի քննել TRIPP-ի համաձայնագրի սահմանադրականության հարցը

XS
SM
MD
LG