ԵՄ երկրներն այսօր հավանաբար համաձայնության չեն գա Ռուսաստանի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
Հունգարիայի խիստ հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք այսօր չեն փոխի իրենց դիրքորոշումը, ասել է ԵՄ արտգործնախարարը:
Բուդապեշտը մտադիր է արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի տարանցման դադարեցման պատճառով:
«Մինչև Ուկրաինան չվերականգնի «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա, մենք թույլ չենք տա Կիևի համար կարևոր որոշումների առաջխաղացումը»,- X-ում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
Ավելի վաղ Հունգարիան և Սլովակիան սպառնացել են դադարեցնել Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե Կիևը չվերականգնի ռուսական նավթի տարանցումը: Սիյարտոն նաև հայտարարել է, որ Բուդապեշտն արգելափակելու է Ուկրաինային Եվրամիության կողմից հատկացվող վարկերի 90 միլիոն եվրոյի փաթեթը:
Կիևում շանտաժ են որակել էլեկտրաներգիայի մատակարարումների դադարեցման սպառնալիքը՝ սադրիչ և անպատասխանատու համարելով նման հայտարարությունները «ուկրաինացիներին սառնամանիքների շրջանում առանց էլեկտրականության, ջեռուցման և գազի թողնելու Մոսկվայի ջանքերի իրավիճակում»:
Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը կարող էր ներառել Ռուսաստանի նավթի արտահանման վրա ամբողջական ծովային ծառայությունների արգելք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։