Մեկ տարի անց Եվրոպական Միությունը վերջնականապես կհրաժարվի ռուսական բնական գազից՝ Կրեմլից կախում չունենալու և Ուկրաինայում ընթացող պատերազմն անուղղակիորեն չֆինանսավորելու համար:
Դաշինքն այսօր հաստատել է ծրագիրը, որով 2027-ի հունվարի 1-ից ԵՄ անդամներին կարգելվի ռուսական հեղուկ բնական գազի, իսկ սեպտեմբերի 30-ից՝ նաև խողովակաշարով ռուսական գազի ներկրումը:
Խողովակաշարով գազ ներկրողների դեպքում մեկ ամսով ժամկետը կերկարաձգվի միայն այն երկրների համար, որոնք ձմեռվա համար բավարար ծավալի գազ պահեստավորած չեն լինի մինչև վերջնաժամկետը:
Որոշմանը դեմ են քվեարկել Ռուսաստանի նախագահի հետ սերտ հարաբերություններ ունեցող Սլովակիան և Հունգարիան: Բուդապեշտը նաև սպառնացել է այն վիճարկել դատարանում: Բուլղարիան ձեռնպահ է քվեարկել:
Միաժամանակ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան և Հյուսիսային ծովի ավազանի այլ երկրներ մաքուր էներգիայի մասին պայմանագիր են ստորագրել Համբուրգում, որով պարտավորվում են մինչև 2050-ը համատեղ խոշոր նախագծերի միջոցով դաշինքի երկրներին ծովային քամուց արտադրված մինչև 100 ԳՎտ էներգիա մատակարարել։
ԵՄ Էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը հայտարարել է՝ այս քայլերով Եվրոպան շատ հստակ ազդակ է հղում Ռուսաստանին. «Մենք այլևս թույլ չենք տա, որ շանտաժի ենթարկեք ԵՄ անդամ պետություններին։ Եվ այլևս անուղղակիորեն չենք ֆինանսավորի Ուկրաինայում պատերազմը։ Մենք որոշել ենք վերջապես դադարեցնել ռուսական էներգիայի ներմուծումը»։
«Մեզ համար անվտանգության երաշխիքներն առաջին տեղում են». Զելենսկի
Զուգահեռ շարունակվում են ուկրաինական պատերազմը դադարեցնելու՝ ամերիկյան ջանքերը: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Աբու Դաբիում շաբաթավերջին կայացած եռակողմ՝ Ռուսաստան, Ամերիկա, Ուկրաինա բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են: Միաժամանակ ամենագլխավոր՝ տարածքների հարցի շուրջ կողմերը այդպես էլ չեն համաձայնել:
Վիլնյուսում Լիտվացի պաշտոնակցի հետ ասուլիսին Ուկրաինայի նախագահը հասկացրել է՝ այս հարցում Կիևի դիրքորոշումն անփոփոխ է. երկրի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, իսկ փոխզիջման բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն:
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինայի համար առանցքային մյուս հարցի՝ ԱՄՆ կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը պատրաստ է: Կիևն սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի ստորագրման օրն ու վայրը:
«Մեզ համար անվտանգության երաշխիքներն առաջին տեղում են: Սրանք անվտանգության երկկողմ երաշխիքներն են ԱՄՆ կողմից: Փաստաթուղթը տոկոսով պատրաստ է, և սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը և վայրը»։
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստվում է նոր եռակողմ բանակցությունների արդեն «այս շաբաթ»։
Ամերիկյան Axios-ը, իր աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ փետրվարի 1-ին: Ըստ աղբյուրի՝ Աբու Դաբիի հանդիպումն այնքան լավ է անցել, «որքան հնարավոր էր ակնկալել»: Քննարկվել է ամեն ինչ, նույնիսկ Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորությունը, և կողմերը հիմա «շատ մոտ» են դրան:
Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ: Դմիտրի Պեսկովը կրկնել է՝ Ռուսաստանի համար անփոփոխ են մնում Անքորիջի պայմանավորվածությունները, այդ թվում՝ ողջ Դոնբասի վերադարձի վերաբերյալ:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ... սա մեր նախագահի դիրքորոշումն է, որ տարածքային հարցը, որն «Անքորիջի բանաձևի» մաս է, իհարկե, սկզբունքային նշանակություն ունի ռուսական կողմի համար: Մեր բանակցողներն էլ շարունակում են պաշտպանել մեր շահերը», - նշել է Պեսկովը:
Ռուսական հարվածներ Զապորոժիեին ու Կիևին, ուկրաինական պատասխան՝ Կրասնոդարում
Այս ընթացքում Ռուսաստանը շարունակել է հարվածներն Ուկրաինային: Գիշերը ինտենսիվ հարվածել են Զապորոժիեին։ Կան տուժածներ: Ռուսական հարվածների հետևանքով Կիևում մոտ 800,000 բնակիչ դեռ էլեկտրաէներգիա չունի, ավելի քան 1300 բազմահարկ շենքում չկա ջեռուցում: Բնակիչները ժամանակավոր կացարաններում են տաքանում, լիցքավորում հեռախոսները:
Կիևի թաղամասերից մեկում բացօթյա երեկույթ է կազմակերպվել, որպեսզի բնակիչները գոնե ժամանակավորապես մոռանան կենցաղային անհարմարությունների մասին:
«Մենք ավելի շատ գիշերն ենք էլեկտրաէներգիա ունենում, քան ցերեկը։ Ջուրը պարբերաբար անջատվում է։ Ջեռուցում գրեթե չունենք։ Բայց ունենք ոգու ուժ և ապրելու ցանկություն», - ասել է Կիևի բնակիչներից մեկը։
«Որոշեցինք փորձել հավաքել մեր հարևաններին ու ընկերներին, որպեսզի մի փոքր տաքանան խորովածի մոտ… Մտածում էինք, որ մոտ 15 մարդ կգա, բայց տասն անգամ ավելի շատ մարդ եկավ՝ մոտ 150 մարդ», - նշել է երեկույթի կազմակերպիչ Դմիտրոն:
Ուկրաինական զինուժն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել: Կրասնոդարում հարվածել է նավթավերամշակման գործարանի: Կա մեկ տուժած: