Մատչելիության հղումներ

Բուդապեշտը «Դրուժբա»-ի պատճառով կարգելափակի նաև Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները

Բուդապեշտը մտադիր է արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի տարանցման դադարեցման պատճառով:

«Մինչև Ուկրաինան չվերականգնի «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա, մենք թույլ չենք տա Կիևի համար կարևոր որոշումների առաջխաղացումը», - X-ում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ընդունել Արտաքին գործերի խորհրդի վաղվա նիստում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման չորրորդ տարելիցի նախօրեին:

Ավելի վաղ Հունգարիան և Սլովակիան սպառնացել են դադարեցնել Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե Կիևը չվերականգնի ռուսական նավթի տարանցումը: Սիյարտոն նաև հայտարարել է, որ Բուդապեշտն արգելափակելու է Ուկրաինային Եվրամիության կողմից հատկացվող վարկերի 90 միլիոն եվրոյի փաթեթը:

Կիևում շանտաժ են որակել էլեկտրաներգիայի մատակարարումների դադարեցման սպառնալիքը՝ սադրիչ և անպատասխանատու համարելով նման հայտարարությունները «ուկրաինացիներին սառնամանիքների շրջանում առանց էլեկտրականության, ջեռուցման և գազի թողնելու Մոսկվայի ջանքերի իրավիճակում»:

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է նաև, որ Կիևն առաջարկել է «ոչ-ռուսական նավթի» մատակարարման այլընտրանքային ուղիներ, մասնավորապես՝ Օդեսա-Բրոդի նավթամուղը:

Ուկրաինայի իշխանությունների պնդմամբ՝ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները հունվարի վերջից խախտվել են ռուսական ուժերի կողմից ռմբակոծությունների պատճառով: Տասն օր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը խողովակաշարով: Փետրվարի 12-ին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հրապարակեց հունվարի 27-ին ռուսական հարձակումից հետո այրվող նավթային ենթակառուցվածքի լուսանկարը՝ կանխելու մեղադրանքները Կիևի հասցեին: Այդ օրը Ռուսաստանը պատերազմի ընթացքում առաջին անգամ հարվածել էր «Դրուժբա» նավթամուղին:

Բացի այդ, Կիևը պնդում է, որ Հունգարիայի և Սլովակիայի կողմից ռուսական նավթի ու գազի շարունակվող գնումներն օգնում են ֆինանսավորել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:

Հունգարիան և Սլովակիան ուկրաինական իշխանություններին մեղադրում են մատակարարումները միտումնավոր խոչընդոտելու մեջ:


XS
SM
MD
LG