Մատչելիության հղումներ

ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան. Ռիտեր

Հայաստանի կառավարությունը ցանկանում է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը շարունակի աշխատանքը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը, այս պահին ժամկետի ավարտից հետո առաքելությունը շարունակելու քննարկում չկա, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպացրույցում հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է աշխատանքը Հայաստանում։

«Մեր մանդատը լրանում է 2027 թվականի փետրվարին, այնպես որ մինչև մյուս տարի մանդատի հետ կապված ոչինչ չի փոխվելի: Դրանից հետո Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ կքննարկի, թե ինչպես են պատկերացնում ապագան: Կառավարությունը շատ բաց խնդրել է մեզ շարունակել մեր պարեկությունը սահմանին, այցելությունները սահմանային գյուղեր: Հենց դա ենք անելու, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել և հաստատվել երկու կողմից»,- ասաց Մարկուս Ռիտերը:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով՝ մինչ այս պահը 7780 պարեկություն են արել, հյուսիսից - հարավ ողջ երկայնքով. «Կարող եմ ասել, որ օգոստոս ամսից ի վեր ոչ մի միջադեպ չենք արձանագրել և իրավիճակը շատ ավելի հանգիստ է եղել: Մենք նաև սահմանի բնակիչներին, դպրոցներ, տեղի իշխանություններին ենք այցելում՝ ցույց տալու, որ նրանք միայնակ չենք»,- հայտարարեց առաքելության ղեկավարը:

Նրա խոսքով՝ անցած գարնանից իրավիճակը սահմանին սկսեց բարելավվել, իսկ օգոստոսից հանգիստ է:

«Մեր դիտարկումներով, նաև մարդկանց հետ զրույցներից եզրակացրել ենք, որ կա դրական տրամադրվածություն, այս պահին լարվածության ռիսկ չենք տեսնում:
Բայց երբ երեք տարի առաջ եկանք, սահմանին շատ լարվածություն կար, կրակոցներ կային, սպանված կամ վիրավորված զինվորականները: Բավականին լարված էր այն ժամանակ»,- ընդգծեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:


XS
SM
MD
LG