Եվրոպայի ներկայացուցիչները՝ որպես Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախկինում ընտրված թիմի մաս, առաջին անգամ մասնակցել են ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններին, հայտարարել է Ուկրաինայի նախագահը երեկոյան տեսաուղերձում:
Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ բանակցություններին, մասնավորապես, մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Լեհաստանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի Ներկայացուցիչները:
Ուկրաինայի առաջնորդը քննարկումը նկարագրել է որպես «ուկրաինական, ամերիկյան և եվրոպական բանակցային խմբերի միջև քննարկում՝ «աշխատանքային թիմերի մակարդակով»։
«Դիվանագիտական ջանքերն ակտիվորեն շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք ապարդյուն չեն անցնի։ Մեր թիմն աշխատում է հնարավորինս կառուցողական։ Մեզ անհրաժեշտ է պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ», - ասել է Զելենսկին։
Ամերիկյան կողմից խորհրդակցություններին մասնակցել են Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները: Քննարկումները տեղի են ունեցել առցանց, թիմերն անձամբ կհանդիպեն Բեռլինում՝ նոյեմբերի 19-ին՝ «կամավորների կոալիցիայի» շրջանակում:
Զելենսկիի խոսքով՝ քննարկումը «դժվար» էր, սակայն սպասվում է, որ Գերմանիայի մայրաքաղաքում երկրների ներկայացուցիչները կկարողանան մշակել «բանակցային գործընթացում կոնկրետ համատեղ քայլեր»։
Մի քանի օր առաջ էին ԵՄ առաջնորդները համաձայնության եկել, թե ով է ներկայացնելու Եվրոպան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ապագա բանակցություններում: Բանակցային թիմում ընդգրկված են ԵՄ ինստիտուտների և եվրոպական հինգ երկրների ներկայացուցիչներ:
Քուշներ. Կարևոր է, որ Եվրոպան և ՌԴ ուղիղ շփվեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հաստատել է եռակողմ քննարկումների մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները առցանց խորհրդակցություններին ներկայացրել են նրանց ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։
Քուշները նշել է, որ նույն օրը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Նա չի մանրամասնել՝ դա Ուկրաինայի և Եվրոպայի հետ բանակցություններից առաջ է եղել, թե՞ հետո։
«Մենք քննարկեցինք Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու ուղիները՝ փոխգործակցություն, որը գործնականում բացակայել է վերջին չորս տարիների ընթացքում։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ կարողանան անմիջականորեն լսել միմյանց մտահոգություններն ու առաջարկները, քանի որ մենք աշխատում ենք Եվրոպայի համար ավելի կայուն և անվտանգ ապագա ստեղծելու ուղղությամբ», - գրել է նա X-ում։
Քուշների խոսքով՝ բանակցությունների ընթացքում ձևավորվել են քննարկման երեք հիմնական ուղղություններ՝ Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքներ, ԵՄ անդամակցության ուղին և երկրի վերականգնումը Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտից հետո։
«Թեև հանրային տարածքում հաճախ ուշադրությունը կենտրոնանում է կողմերի միջև առկա տարաձայնությունների վրա՝ կուլիսներում տեղի ունեցող լուրջ քննարկումների արդյունքում շարունակում են ի հայտ գալ դրական և կառուցողական գաղափարներ», - նշել է ամերիկացի բանակցողը։