Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ում ներկայացրեցին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին զեկույցը

Եվրասիական միության և անդամ պետությունների դրոշները, արխիվ
Եվրասիական միության և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները ներկայացրել են զեկույց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:

Հաղորդագրությունում նշվում է, որ ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարության՝ այդ երկրներից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները պատրաստել են զեկույց «Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ»:

Զեկույցն անդրադառնում է «Հայաստանի կողմից ձեռնարկված միջոցներին՝ ուղղված Եվրամիությանն անդամակցությանը», ներառում է ԵԱՏՄ և ԵՄ իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծություն: Նաև ներկայացված է տեղեկատվություն «իրավական մեխանիզմների մասին, որոնք կոչված են կանխելու ԵՄ-ին անդամակցության Հայաստանի որոշման հետևանքով ծագող ռիսկերը», գնահատականներ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա մնալու կարգավիճակը «հարցեր է հարուցում կազմակերպությունում՝ Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ Երևանի քայլերի լույսի ներքո»: Դրա հեղինակները հիշեցնում են, մասնավորապես, որ այս տարվա օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Հայաստանի վարչապետն ուղղակիորեն հայտարարեց, թե երկրի ղեկավարությունը «առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը»:

Զեկույցը ներկայացվելու է ԵԱՏՄ անդամ հինգ պետությունների ղեկավարներին:

Զեկույցի հեղինակները պնդում են, թե Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը իրավունք ունեն քննարկել մինչև Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի անցկացումը ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը կասեցնելու հարցը:

Այս տարի մայիսի 29-ին Աստանայում ընդունած հայտարարությամբ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի նախագահները որոշել էին, որ Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության դադարեցման հնարավոր հետևանքները 2026 թվականի դեկտեմբերի նիստի ժամանակ կզեկուցեն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում այդ չորս երկրների անդամները:

Մոսկվան պնդում է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Երևանը հայտարարել է, որ առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու դիմումի գործընթացը, սակայն այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չի տեսնում:

Այս ամիս Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ էլ Հայաստանի վարչապետը վստահեցրեց, որ Երևանը հանձնառու է շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ

​
XS
SM
MD
LG