Մատչելիության հղումներ

Դավոսում այսօր սպասվում է ռուս-ամերիկյան հանդիպում


Շվեյցարական Դավոս քաղաքում, որտեղ երեկվանից ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, այսօր ակնկալվում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հատուկ բանագնացների և Դոնալդ Թրամփի փեսայի հանդիպումը: Axios-ը հայտնում է, որ Կիրիլ Դմիտրիևը, Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կքննարկեն Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ ծրագիրը:

Դմիտրիևն արդեն ժամանել է Դավոս: Կրեմլի խոսնակն ասել է, որ նա կարող է խաղաղության գործընթացի վերաբերյալ Մոսկվայից տեղեկություն փոխանցել ամերիկացի բանագնացներին:

Մինչ այդ, Ուիթքոֆն ու Քուշները անցած շաբաթավերջին ԱՄՆ-ում էին հանդիպել ուկրաինական պատվիրակության հետ։

Անցած շաբաթ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Դավոսում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ, «եթե նա այնտեղ լինի»։ Սակայն ուկրաինացի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին դեռ որոշում չի կայացրել Դավոս մեկնելու վերաբերյալ, քանզի ԱՄՆ-ն դեռ հստակ չի ասել, թե արդյոք կկայանա նախագահ Թրամփի հետ բովանդակալից հանդիպում:

Պաշտոնյան նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է ստորագրել անվտանգության երաշխիքների կամ Ուկրաինայի տնտեսական զարգացման վերաբերյալ փաստաթղթերը, եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի:

Politico-ի տվյալներով՝ վաղը Դավոսում սպասվում է Թրամփի հետ Ուկրաինային աջակցել կամեցող երկրների առաջնորդների հանդիպումը, որոնք ԱՄՆ նախագահին կխնդրեն հաստատել պատերազմից հետո Ուկրաինային տրամադրվելիք՝ Փարիզում մշակված անվտանգության երաշխիքները:

Ու մինչ Դավոսում կհանդիպեն ռուս և ամերիկացի բանագնացները, Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ դեռ չեն ստացել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև Ուկրաինայի հարցով վերջերս տեղի ունեցած բանակցություններն ամփոփող փաստաթղթերը:

2025-ն ամփոփող ասուլիսին Սերգեյ Լավրովը կրկնել է, որ Ռուսաստանը հավատարիմ է խնդրի դիվանագիտական կարգավորմանը, և կրկին մեղադրել է Եվրոպային, որը, նրա խոսքով, ամեն ինչ արել է կարգավորմանը խոչընդոտելու համար:

«Նրանք ճիշտ նույն կերպ են վարվում Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջ քաշած նախաձեռնությունների հետ կապված՝ ամեն կերպ փորձելով համոզել ամերիկյան վարչակազմին չբանակցել Ռուսաստանի հետ», - պնդել է ՌԴ ԱԳ նախարարը:

Այս ֆոնին, ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինային՝ թիրախավորելով հիմնականում էներգետիկ օբյեկտներ: Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 335 հազար մարդ, ավելի քան 5 հազար 600 բազմահարկ շենք մնացել է առանց ջեռուցման: Կիևում շատերը մետրոյի կայարաններում են գիշերել: Տուժել են նաև Խարկովը, Օդեսան, Դնեպրը:

Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի քան 300 անօդաչու և «զգալի» թվով հրթիռներ է կիրառել: Նա հայտնել է, որ մեկ օր առաջ էին ստացել հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք օգնել են ամրապնդել պաշտպանությունը: Սակայն, Ուկրաինայի նախագահի խոսքով, լրացուցիչ մատակարարումների անհապաղ կարիք կա:

Երեկոյան ուղերձում էլ Զելենսկին զգուշացրել էր, որ ռուսական զորքը պատրաստվում է զանգվածային նոր հարձակման: Նա նաև հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության կիրառման նոր մեթոդներ կկիրառեն:

«Ռազմաօդային ուժերի կողմից հակաօդային պաշտպանության կիրառման հարցում կլինի նոր մոտեցում, մասնավորապես՝ շարժական կրակային խմբերի, անօդաչուների և կարճ հեռահարության այլ միջոցների վերաբերյալ։ Այս համակարգը կվերափոխվի», - հայտարարել էր Ուկրաինայի նախագահը:

Երկրի արտգործնախարարն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի վերջին «բարբարոսական հարվածները» սթափության կոչ են Դավոսում հավաքվող համաշխարհային առաջնորդների համար, որոնց Անդրեյ Սիբիգան կոչ է արել ավելացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը հակաօդային պաշտպանության ոլորտում:

Ռուսական կողմն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչուներ է խոցել մի շարք շրջաններում, սակայն տուժածների կամ ավերածությունների մասին չեն հաղորդում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG