Շվեյցարական Դավոս քաղաքում այսօր ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ: Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ համաձայնեցրել են Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների և հետագա դիվանագիտական աշխատանքի շուրջ մոտեցումները։
Դավոսում, որտեղ երեկվանից ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, ակնկալվում է նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հատուկ բանագնացների և Դոնալդ Թրամփի փեսայի հանդիպումը: Ըստ Axios-ի՝ Կիրիլ Դմիտրիևը, Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կքննարկեն Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը:
Դմիտրիևն արդեն ժամանել է Դավոս: Կրեմլի խոսնակն ասել է, որ օրակարգում առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությանն առնչվող հարցեր են, նաև ուկրաինական կարգավորումը:
«Միևնույն ժամանակ Կիրիլ Դմիտրիևը Ուկրաինայում խաղաղության գործընթացին վերաբերող տեղեկություն է Մոսկվայից փոխանցելու ԱՄՆ բանագնացներին և նրանցից է տեղեկություն ստանալու», - նշել է Դմիտրի Պեսկովը:
Politico-ի տվյալներով՝ վաղը Դավոսում սպասվում է Թրամփի հետ Ուկրաինային աջակցել կամեցող երկրների առաջնորդների հանդիպումը, որոնք ԱՄՆ նախագահին կխնդրեն հաստատել պատերազմից հետո Ուկրաինային տրամադրվելիք՝ Փարիզում մշակված անվտանգության երաշխիքները:
Չնայած Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել էր, որ Դավոսում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ, «եթե նա այնտեղ լինի», Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Դավոս կմեկնի, միայն եթե ԱՄՆ-ի հետ ստորագրման համար պատրաստ լինեն անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը։
Զելենսկին ընդգծել է, թե սա չի նշանակում, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները փակուղի են մտել: Նա պարզաբանել է, որ Դավոս չի մեկնել, որպեսզի օգնի հաղթահարել գիշերը ռուսական զինուժի իրականացրած լայնամասշտաբ ավիահարվածների հետևանքները:
«Իհարկե, այս դեպքում ես ընտրեցի Ուկրաինան, ոչ թե տնտեսական ֆորումը, բայց ամեն ինչ կարող է փոխվել ցանկացած պահի։ Որովհետև ուկրաինացիների և ինձ համար շատ կարևոր է ավարտել այս պատերազմը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև ասել է, որ ռուսական սպառնալիքի դեմն առնելու համար Ուկրաինան և Եվրոպան պետք է պաշտպանական համատեղ ուժեր ստեղծեն, որոնց թվակազմը մինչև 3 միլիոնի կհասնի:
Ու մինչ Ուկրաինայի նախագահը հայտարարում է Եվրոպայի հետ համատեղ պաշտպանության անհրաժեշտության մասին, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ է ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, և կրկին մեղադրել է Եվրոպային: 2025-ն ամփոփող ասուլիսին Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հազիվ թե կարողանա եվրոպացի այսօրվա առաջնորդների հետ համաձայնության գալ, քանզի նրանք ամեն ինչ արել են կարգավորմանը խոչընդոտելու համար:
«Նրանք ճիշտ նույն կերպ են վարվում Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջ քաշած նախաձեռնությունների հետ կապված՝ ամեն կերպ փորձելով համոզել ամերիկյան վարչակազմին չբանակցել Ռուսաստանի հետ», - պնդել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նաև հայտնել է, որ դեռ չեն ստացել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև Ուկրաինայի հարցով վերջերս տեղի ունեցած բանակցություններն ամփոփող փաստաթղթերը:
Այս ֆոնին, ռուսական զինուժը գիշերը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա՝ թիրախավորելով հիմնականում էներգետիկ օբյեկտներ: Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 335 հազար մարդ, ձմռան սառնամանիքին քաղաքի մոտ կեսը մնացել է առանց ջեռուցման: Կիևում շատերը մետրոյի կայարաններում են գիշերել: Տուժել են նաև Խարկովը, Օդեսան, Դնեպրը և այլ շրջաններ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժել են ուկրաինական մի շարք ենթակայաններ, որոնք կարևոր են միջուկային անվտանգության համար: Վնասվել են նաև Չեռնոբիլի ատոմակայան տանող էլեկտրահաղորդման գծերը: Արդյունքում ատոմակայանն ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգետիկ համակարգից:
Ուկրաինայի արտգործնախարարն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի վերջին «բարբարոսական հարվածները» սթափության կոչ են Դավոսում հավաքվող համաշխարհային առաջնորդների համար: Անդրեյ Սիբիգան նրանց կոչ է արել ավելացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը հակաօդային պաշտպանության ոլորտում: Նա նաև ասել է, որ ռուսական հարձակումները սպառնում են միջուկային անվտանգությանը, իսկ Ռուսաստանը միջուկային ռիսկն օգտագործում է որպես հարկադրանքի գործիք:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն էլ վրդովված է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական «դաժան» հարվածներից։ Ֆոլկեր Տյուրկն ասել է, որ դրանք պետք է դադարեցվեն։ «Քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելը պատերազմի կանոնների ակնհայտ խախտում է», - ընդգծել է նա:
Ռուսական կողմն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչուներ է խոցել մի շարք շրջաններում, սակայն տուժածների կամ ավերածությունների մասին չեն հաղորդում: