Մատչելիության հղումներ

Դատավորը մերժեց ազատ արձակել «Հայաստան» դաշինքից պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանին

Պատգամավոր Արթուր Սարգսյան, արխիվ
Պատգամավոր Արթուր Սարգսյան, արխիվ

Դատավորը մերժեց դատարանի դահլիճից ազատ արձակել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանին: Նա դեկտեմբերից տնային կալանքի տակ է վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ սրբազանի գործով՝ ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու մեղադրանքով: Տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին:

Փաստաբան Արամ Վարդևանյանն էր միջնորդել վերացնել տնային կալանքը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որի համաձայն՝ «անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

Հինգ տարի առաջ ՍԴ նույն որոշման արդյունքում Սարգսյանն արդեն մեկ անգամ կալանքից ազատվել է: Բայց այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը գտավ՝ ՍԴ-ն այդ դեպքի մասին չի խոսում, այն ժամանակ Սարգսյանը պատգամավոր չէր, հիմա` դեռ 8-րդ գումարման պատգամավոր է ու նույն այս գործով անձեռնմխելիությունից զրկվել է 2025-ի հուլիսին:

«Դատարանը հիմնավոր չի համարում ձեր էդ պատճառաբանությունը, որ սույն հիմքով, այսինքն՝ 2026 թվականի հուլիսի 21-ի դրությամբ, այսինքն՝ պատգամավոր դառնալու հիմքով, վերջինս ենթակա է տնային կալանքից ազատման», - հայտարարեց Ֆարխոյանը:

«Հասկանում ե՞ք, որ անընդհատություն չի կարա գոյություն ունենա Ազգային ժողովի պատգամավորների դեպքում, չի կարա բնության մեջ դա լինի, ի ծնե, ի բնե չի կարա», - հակադարձեց Վարդևանյանը:

Դատավորն ասաց՝ եթե միջնորդություն լինի, Արթուր Սարգսյանը կմասնակցի օգոստոսի 2-ին նախատեսված նոր խորհրդարանի առաջին նստաշրջանին. - «Բնականաբար՝ ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակցի ուղեկցությամբ»:

«Դուք արդեն էն որ դուրես եք եկել ընդմիջման, ըտեղ 30-ի որոշումն էլ եք, հրամանն էլ եք ստացել, միանգամից հրապարակեք, օգոստոսի 2-ին ոստիկաններին տվեք». - դատավորի՝ նստելու հորդորներից հետո բողոքող Արթուր Սարգսյանի խոսափողը անջատվեց, Սարգսյանն էլ լքեց նիստերի դահլիճը:

«Ես վստահ եմ՝ էս ձեր որոշումը ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևի: Միանշանակ ձեր դեմ հաղորդում պետք է ներկայացվի, էն, ինչ դուք էսօր արեցիք: Դուք մի հատ էլ պատկերացնում եք, որ պրոբացիայի ու ոստիկանության ուղեկցմամբ Ազգային ժողովի պատգամավորը գնա նիստի՞, դուք դա ե՞ք պատկերացնում լուծումը՝ ունենալով հնարավորությունը, որ դուք տնային կալանքը կարայիք վերացնեիք էսօր», - հայտարարեց Արամ Վարդևանյանը:

Դատավորն, ըստ էության, մեղադրողների փաստարկները պաշտպանեց, որոնք դեմ էին Արթուր Սարգսյանի տնային կալանքը վերացնելուն:

«Պարոն Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերել և առ այս պահը շարունակում է կրել այդ կարգավիճակը դեռևս 2021 թվականից: Նախորդ տարի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պարոն Սարգսյանին զրկել է Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունից, և պարոն Սարգսյանը ըստ էության չի դադարելու ունենալ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, իսկ ամսի 2-ից նաև շարունակելու է իրականացնել Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ», - հայտարարում էր դատախազը:

Այնինչ փաստաբանը պնդում էր. - «Ստացվում է՝ ընդհանրապես Ազգային ժողովի գումարումների փոփոխությունը իրավական որևէ մի նշանակություն չունի, իրականում հիմա ես էլ մի քիչ տատանվեցի՝ ի՞նչ կապ ունի որ՝ 8-րդ գումարման Ազգային ժողով, 9-րդ գումարման ... Մարդկանց տեղեկացնենք, որ կարելի է մի անգամ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել և հավիտյանս դա ունենալ»:

Արդեն դատարանի դահլիճից դուրս Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ եթե օգոստոսի 2-ին իրեն պրոբացիայի ծառայությունը պետք է ուղեկցի ԱԺ, ինքը չի գնա: «Վեց ամիս է, նույն պատգամավորն էի, բա պրոբացիան ինձ խի՞ չէր տանում նիստերին մասնակցելու: Եթե տնային կալանքը վերացնեն, կմասնակցեմ», - ասել է ընդդիմադիր գործիչը:

Միջնորդություններ՝ նաև Դավիթ Ղազինյանի, Հայկ Սուքիասյանի խափանման միջոցները վերացնելու պահանջով

Արամ Վարդևանյանը նաև միջնորդել է վերացնել «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր դարձած Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը: ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, կալանավորվել է հունիսի 18-ին: Մեղադրանքը չի ընդունում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին նոր խորհրդարանի պատգամավորներին մանդատներ տրամադրեց: Վարդևանյանը պնդում է՝ եթե պահվեր ՍԴ որոշման տրամաբանությունը, Ղազինյանը պետք է հենց այդ օրը ազատ արձակվեր: Միջնորդությունն, ասաց, վաղը մեկնարկող դատավարության սկզբում կքննարկվի:

«Կայծակնային արագությամբ քննիչը, այնուհետև դատախազը նախաքնության ավարտ հայտարարելով, մեղադրական եզրակացությունը հաստատելով և գործը ընդհանրապես դատարան ուղարկելով՝ փաստացի անհաղթահարելի խոչընդոտ էին ստեղծել խափանման միջոցի վերացման հարցում, քանի որ չկար այն պաշտոնյան, որը պետք է այդ որոշումը կայացներ: Բայց արդեն ունենք մակագրում», - հայտարարել էր Վարդևանյանը:

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ նորընտիր պատգամավոր՝ Հայկ Սուքիասյանը տնային կալանքի տակ է: Նրա խափանման միջոցը վերացնելու մի միջնորդություն էլ երեկ ներկայացրել է փաստաբան Արմեն Ֆերոյանը, բայց նախաքննական մարմնից պատասխան չի ստացել: Զուգահեռ դիմել է դատարան, որ այդ հարցն այնտեղ քննարկվի: Նիստը վաղը երեկոյան է նշանակվել:

Ֆերոյանի փոխանցմամբ՝ Սուքիասյանին բարեգործության արգելքը խախտելու մեղադրանք է ներկայացված, որը նա չի ընդունում:

«Սպասում ենք էդ միջնորդությունների քննարկմանը», - «Ազատությանը» ասաց փաստաբանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG