Մատչելիության հղումներ

«Կայծակնային ավարտը միտումնավոր է». Դավիթ Ղազինյանի գործը ուղարկվեց դատարան

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանի գործը պատգամավորական մանդատը ստանալուց ժամեր առաջ ուղարկվեց դատարան։

Ինչո՞ւ գործը Քննչականից դատարան հասավ հենց այսօր, երբ Ղազինյանն արդեն լինելու էր պատգամավորի կարգավիճակում։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանի պնդմամբ՝ կայծակնային ավարտը միտումնավոր է, որ ընդդիմադիր ուժի պատգամավորին շարունակեն բանտում պահել։

Ղազինյանը մեկ ամիս առաջ կալանավորվեց ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Փաստաբան Վարդևանյանի մեկնաբանմամբ, եթե գործը նախաքննության փուլում լիներ, ապա Ղազինյանը պատգամավորի կարգավիճակ ստանալուց անմիջապես հետո պետք է ազատ արձակվեր, իսկ դատարան ուղարկելը նշանակում է, որ գործը միտումնավոր ձգձգում են։

Մինչև դատավորը գործը վարույթ ընդունի ու նիստ նշանակի, ժամանակ կանցնի, ու այդ ընթացքում, ըստ փաստաբանի, Փաշինյանի իշխանության դեմ պայքարող ուժի առանցքային ներկայացուցիչը կշարունակի մնալ անազատության մեջ։

«Երբ այս նիստը ավարտվի և մեր ձեռքի տակ լինի այլևս արձանագրությունը նրա վերաբերյալ, որ Դավիթ Ղազինյանը պատգամավոր է և չի կարող լինել կալանավորված, վերջիններս ասեն՝ իրենք լիազորություն չունեն։ Այսինքն` գործը արդեն դատարանում է և դատախազը չունի լիազորություն վերացնելու կալանքը։ Սա աբսուրդի նոր նշաձող է», - ասաց Վարդևանյանը։

Փաստաբանը հղում է անում Սահմանադրական դատարանի որոշմանը, որ 2021 թվականին ընդդիմադիր պատգամավորների առնչությամբ որոշեց՝ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող մնալ անազատության մեջ։ Այս որոշման արդյունքում այդ ժամանակ կալանքից ազատվեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավորներ՝ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը։

Դավիթ Ղազինյանի դեմ քրեական հետապնդում հարուցվեց խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ։ Հունիսի 18-ին էլ նրան կալանավորեցին։ Մեղադրանքը չի ընդունում։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ քրեական վարույթով պարզվել է, որ Դավիթ Ղազինյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստել է ընտրակաշառք տալ ընտրողներին հունիսի 7-ին Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Այդ նպատակով, ըստ կոմիտեի, Ղազինյանն իր թիմակցին փոխանցել է 1 միլիոն 400 հազար դրամ և Հակակոռուպցիոնի հաղորդմամբ՝ գումարը բաշխելու ու ընտրողներին փոխանցելու շուրջ տարաձայնությունների պատճառով ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու գործը ավարտին չի հասել։

Իշխանության հիմնական մրցակից ուժերի ստացած ձայները, որ կես միլիոնից ավելի են, վարչապետ Փաշինյանը որակել էր ընտրակաշառքի հետևանք, երբ դեռ մեկ դատական վճիռ չկա։

Նախընտրական փուլում փետրվարից սկսած տասնյակներով քրեական գործեր հարուցվեցին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Իրավապահ մարմինների հաղորդումների մեծ մասը վերաբերում էր «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին։

Մինչև հիմա դատարան է հասել 43 քրեական վարույթ. Դատախազություն

Մինչև հիմա ընտրակաշառք տալու, ստանալու ու բարեգործության օրենքը խախտելու գործերով դատարան է հասել 43 քրեական վարույթ, որով անցնում է 153 անձ, «Ազատությանը» հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ փետրվարից մինչև հիմա ընտրական հանցագործությունների վերաբերյալ 115 քրեական գործ է հարուցվել. 52 հոգի կալանավորված է, 48 տնային կալանքի տակ: Գործերի մեծ մասը առնչվում է «Ուժեղ Հայաստան»-ին, 24-ը՝ Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժին:

Այս 5 ամսվա ընթացքում 242 մարդու են մեղադրանք առաջադրել:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG