Մատչելիության հղումներ

Դատարանը սկսեց հարցաքննել Վարդան Ղուկասյանի գործով վկաներին

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանում, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանում, արխիվ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ գործով դատարանն այսօր սկսեց հարցաքննել վկաներին:

Լրատվամիջոցներին արգելվեց տեսանկարահանել հարցաքննությունները, դատարանը թույլատրեց միայն ձայնագրել և այդ նյութերը հրապարակել բոլոր վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո:

Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 4 միլիոն դրամ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի հոդվածներով, մեղքը չի ընդունում, մեղադրանքն էլ համարում է քաղաքական հետապնդում:

Ըստ մեղադրանքի, քաղաքապետն իր աշխատակցի հետ կաշառքի դիմաց քաղաքացու օգտին որոշում են կայացրել՝ ինքնակամ, քանդման ենթակա կառույցը փաստաթղթերով դարձնելով օրինական, նոր կառուցվող շինություն:

Ըստ գործի՝ գործարար Սևակ Գոմցյանն է քաղաքապեին կաշառք փոխանցել: Ղուկասյանը, սակայն, նախորդ նիստին պնդել է, թե նրան չի էլ ճանաչում:

Դատարանը մարտի 4-ին բավարարել էր դատախազի միջնորդությունն ու կալանքը երկարացրել ևս երկու ամսով, բայց Ղուկասյանի փաստաբանը պնդել էր՝ բանտային պայմաններում նրա առողջական վիճակն է՛լ ավելի է վատացել. թեթև շաքարային դիաբետը բարդացել է:

Տարեսկզբին բժշկական փորձաքննություն անցկացրած բժիշկները եզրակացրել էին, որ Ղուկասյանը բանտային կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ չունի, բայց նաև շեշտել էին, որ նա պարբերաբար հետազոտվելու կարիք ունի:


XS
SM
MD
LG