Կոռուպցիոն մեղադրանքով արդեն 4 ամիս բանտում գտնվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի փաստաբաններն այսօր դատարանում դարձյալ պնդեցին, թե Վարդան Ղուկասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում ու միջնորդեցին, որ մի քանի արտավարույթային ապացույցներ անթույլատրելի ճանաչվեն:
«Որպես արտավարույթային փաստաթուղթը ապացույց ճանաչված շենքերի, շինությունների կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում, 2025 թվականի հոկտեմբերի 1-ին հետազոտված Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհի 1/9 հասցեում գտնվող շինության վերաբերյալ ստացված տեղեկությունները, նշվածը զնննելու մասին արձանագրությունները ճանաչել որպես ապացույց անթույլատրելի»,- հայտարարեց Ղուկասյանի փաստաբանը։
Հոկտեմբերի 1-ին թվագրվող այս ապացույցը, ըստ պաշտպանական կողմի, համընկնում է խորհրդարանի ամբիոնից Ղուկասյանին «քաղաքական ու հանրային կյանքից դուրս շպրտելու» մասին վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ: Ըստ իրավապահների՝ Ղուկասյանը 4 մլն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից նրա անօրինական շինությունը օրինականացնելու համար: Փաստաբանների միջնորդությունը հենց այդ շինության վերաբերյալ էր:
Նախ դատավորը, ապա նաև հանրային մեղադրողը առարկեցին:
Միջնորդությունների մասով դատավորն այսօր որոշումներ չկայացրեց, բայց անդրադարձ եղավ կաշառքի գործով մյուս մեղադրյալ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին: Այստեղ էլ փաստաբանները պնդեցին, թե Ղուկասյանը պատրաստվում էր նրան գործից ազատել, հետևաբար չէր կարող նրա հետ ստվերային գործարքի մեջ մտնել:
Ղուկասյանը ևս դատարանում պնդեց, որ քարոզարշավի ժամանակ և քաղաքապետ ընտրվելուց հետո մշտապես հայտարարել է, որ Հենրիկ Գասպարյանին առաջինն է ազատելու:
«Իմ կողմից մի քանի անգամ և՛ ընտրարշավի ժամանակ, և՛ դրանից հետո քաղաքապետարանում բազմիցս արտահայտել է և կա այդ, ձայնագրությունները, որ ես ասում եմ՝ ազատելու ենք առաջինը Գասպարյան Հենրիկին։ Եթե պետք է, ուրեմն, անպայման կբերեմ, Ձեզ կներկայացնեմ»,- դատարանում ասաց Վարդան Ղուկասյանը։
Չնայած Գյումրիի քաղաքապետն իսկապես նման հայտարարություններ արել էր, բայց փաստացի Գասպարյանը շարունակում էր մնալ Գյումրիի գլխավոր ճարտապետը: Նա, ի տարբերություն Ղուկասյանի, տնային կալանքի տակ է:
Դատական նիստի ավարտին, թեև ոստիկանները փորձում էին թույլ չտալ, բայց Վարդան Ղուկասյանն այս անգամ երգելու փոխարեն հասցրեց Թումանյան ասմունքել։