Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այսօր ողջ օրը փնտրում էր փաստաբան Զարուհի Փոստանջյանը. շաբաթ օրը հիվանդանոցից բանտ տեղափոխված Ղուկասյանի հետ հանդիպումից հետո նա ահազանգում էր, որ պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է ու նույնիսկ շատպօգնություն էր հրավիրել, բայց նրանց մուտքը քրեակատարողական հիմնարկ արգելվել էր:
Այսօր առավոտյան Երևան կենտրոն քրեկատարողական հիմնարկում փնտրելուց հետո Ղուկասյանին Հակակոռուպցիոն դատարանում գտավ փաստաբանը:
Մի քանի վարույթով անցնող Ղուկասյանի՝ կոռուպցիոն գործով դատավարությունն էր այսօր, քննիչները նրան մեղադրում են 4 միլիոն կաշառք վերցնելու համար:
Դատարանում այսօր ներկայացվեց Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակի մասին փորձաքննության եզրակացությունը, որը դատավորը մասամբ հրապարակեց: Ըստ այդմ՝ Ղուկասյանի հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկում չեն: Ըստ եզրակացության՝ Ղուկասյանի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել դատական նիստերին, բայց բուժումների կարիք ունի:
Դատավորը նիստից առաջ դատարանում Ղուկասյանին զննած շտապօգնության բժիշկի տրամադրած բժշկական տեղեկանքը ներկայացրեց. «Վիճակը հեմոդինամիկ կայուն է»:
Պաշտպանական կողմը համաձայն չէր եզրակացության հետ: Պնդեցին՝ բանտում հնարավոր չէ կազմակերպել Ղուկասյանին անհրաժեշտ բուժօգնությունը, որի մասին գրված էր նաև եզրակացության մեջ:
«Միջնորդություն եմ ներկայացնում դատարանին՝ հարգել իմ պաշտպանյալի բուժօգնություն ստանալու իրավունքը, համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրան տեղափոխեն բուժհաստատություն, որպեսզի նա ստանա այս բժիշկների բուժօգնությունը, որը չի ստացել: Ես այս առումով ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որ այդ բուժօգնությունը նրան չի տրամադրվել», - նշեց Փոստանջյանը:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ հավելեց, թե իր պաշտպանյալի հիվանդությունները պետք է համակցված դիտարկել. «Եթե անգամ առանձին հիվանդություն, առանձին վերցրած լիներ միակը, չէր համապատասխանի թվարկած ցանկին, սակայն դրանց համակցությունը կարող է հանգեցնել առողջության խախտումների, որն ինքնին արդեն համաձայն ցանկի անհամատեղելի է կալանքի հետ: Նման համակցությամբ գնահատում փորձագիտական եզրակացությունում առկա չէ»:
Ինքը՝ Վարդան Ղուկասյանը ներկայացրեց, թե բանտում ինչպես է ստանում բուժօգնությունը. «Քրեակատարողական հիմնարկի բուժկետում ոչ մի սարքավորում չկա, բացի ճնշում չափելուց: Կարող եք մի օր մարդ ուղարկեք, գնան տեսնեն, թե ինչ վիճակի մեջ է: Պետք է անպայման քայլեմ, այդ խցում քայլել չկա, 3 քայլ չես կարող անել, եթե ժամը 9-ին բարձրանում ես պռագուլկի տեղը, որտեղ առավոտ ցուրտ է, հիմա բարձրանալ չի լինի, ձյուն է, պայմանները պայմաններ չեն»:
Դատական նիստի ընթացքում պաշտպանը բարձրաձայնեց, որ Ղուկասյանն իրեն վատ է զգում ու միջնորդեց նիստը հետաձգել:
Հանրային մեղադրողներն այնինչ առարկեցին, որ նիստ անհարկի ձգձգվում է առավել ևս, որ շատապօգնության բժիշկը վիճակը կայուն էր գնահատել: Դատավորը Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում:
«Հիմա ձեզ կիսատ եմ լսում, դոշս ցավում է», - պատասխանեց Վարդան Ղուկասյանը:
Մինչ հանրային մեղադրողը թվարկում էր ապացույցների ցանկը, որը կարևոր էր համարում վերդիկտ կայացնելու համար, դատավորի հրավերով շտապօգնության բրիգադ ժամանեց: Արդյունքում՝ Ղուկասյանը դարձյալ հիվանդանոց տեղափոխվեց: