Ռուսաստանի Գերագույն դատարանն այսօր ուժի մեջ է թողել Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի՝ նախորդ շաբաթ կայացված որոշումը, որով ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը զրկվում է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
«Յաբլոկո»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են այս վճիռը բողոքարկել Գերագույն դատարանի նախագահությունում։ Այս մասին հայտնել է ընդդիմադիր կուսակցության շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Հաջի Ալիևը։
Իշխանամետ «Ռոդինա» կուսակցության հայցի հիման վրա Գերագույն դատարանն անցած երկուշաբթի էր չեղարկել «Յաբլոկո»-ի դաշնային ցուցակի գրանցումը՝ ընտրապայքարից դուրս թողնելով կուսակցությանը: Սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցող ուժերից «Յաբլոկո»-ն միակն է, որը դեմ է Ուկրաինայում ընթացող պատերազմին:
Ինչպես անցած նիստին, այսօր ևս «Յաբլոկո»-ի կողմնակիցները հավաքվել էին դատարանի դիմաց: Նրանցից շատերին ոստիկանությունը բերման է ենթարկել՝ զգուշացնելով չմասնակցել չարտոնված միջոցառումներին: Կուսակցությունը հայտնել է, որ բերման ենթարկվածների թիվը կարող է հասնել 35-ի։ Նրանց մեջ է նաև SOTAVision լրատվամիջոցի թղթակիցը։ «Ազատության» ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ոստիկանական բաժանմունք տարված քաղաքացիներին զգուշացնում են չմասնակցել անկարգություններին, թեև որևէ իրավախախտման մասին հաղորդում չի ներկայացվել։
«Յաբլոկո»-ի մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Կիրիլ Գոնչարովը BBC-ի հետ զրույցում վստահեցրել է, որ դատարանի դիմաց հավաքվածներն իրենց նախաձեռնությամբ են եկել, ոչ ոք չի հրավիրել նրանց: «Նրանք լիովին ազատ մտածողությամբ և անվախ մարդիկ են», - ասել է քաղաքական գործիչը:
«Յաբլոկո»-ն նաև հայտնել էր, որ թեև դատական նիստը բաց է հանրության համար, նիստերի դահլիճ թույլ են տվել մտնել միայն կողմերին և լրագրողներին: Մեղադրող կողմն ավելի ուշ հերքեց սա:
Ընդդիմադիր կուսակցության դիմումը քննում էր երեք դատավոր՝ Վլադիմիր Զայցևի գլխավորությամբ: Հենց այս դատավորն է 2018-ին օրինական ճանաչել նախագահական ընտրություններին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը չգրանցելու մասին որոշումը:
«Յաբլոկո»-ն մեղադրվում է ենթադրաբար արտասահմանից ստացած նվիրատվությունների, ինչպես նաև Ռուսաստանում արգելված սոցիալական ցանցերում քարոզարշավ անցկացնելու և հեղինակային իրավունքի խախտումների համար: Կուսակցությունն այս պնդումները համարում է աբսուրդ: Ինչ վերաբերում է արտերկրից ֆինանսավորմանը, «Յաբլոկո»-ն հայտարարել է, որ դա կազմել է ընդամենը 16,900 ռուբլի կամ մոտ 200 դոլար, որը հետագայում վերադարձվել է ուղարկողներին:
Կուսակցությունը նաև պնդում է, որ արտասահմանյան ֆինանսավորման հետքեր է գտել մյուս ուժերի մոտ, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիա»-ի, որը «Յաբլոկո»-ի հաշվարկով՝ ամենաշատ գումարն է ստացել՝ շուրջ 812 միլիոն ռուբլի: Իշխող կուսակցության դոնորների արտասահմանյան կապերը, ըստ «Յաբլոկո»-ի հետազոտության, ընդգրկում են 51 երկիր, որոնցից 22-ը Ռուսաստանում համարվում են «ոչ բարեկամական»։ «Եթե նույն չափանիշները հավասարապես կիրառվեն բոլոր մասնակիցների նկատմամբ, ապա խորհրդարանական բոլոր կուսակցությունները և «Ռոդինա»-ն պետք է զրկվեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»,- հայտարարել է «Յաբլոկո»-ն:
Նույնը այսօր բողոքի քննարկման ժամանակ դատարանում ասել է կուսակցության նախագահը: Նիկոլայ Ռիբակովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցին կոչ է արել կա՛մ «ընդունել, որ «Յաբլոկո»-ի դեմ մեղադրանքներն աբսուրդ են և պահպանել կուսակցության ցուցակի գրանցումը», կա՛մ, ըստ նրա, ԿԸՀ-ն պետք է գնա մինչև վերջ և պահանջի, որ չեղարկվի մնացած բոլոր կուսակցությունների գրանցումը, քանզի, ըստ նրա, չափանիշները պետք է նույնը լինեն բոլորի համար:
«Որովհետև չեն կարող լինել տարբեր չափանիշներ, որովհետև չի կարելի «Յաբլոկո» կուսակցությանը դուրս թողնել ընտրություններից և դատարանի որոշման մեջ ներառել փաստարկներ, որոնք կարող են վերաբերել բոլոր կուսակցություններին»,- ասել է «Յաբլոկո»-ի նախագահ Նիկոլայ Ռիբակովը:
Ընդդիմադիր կուսակցության նախագահը նաև պնդել է, որ «Յաբլոկո»-ին ընտրապայքարից դուրս թողնելու փորձը «խաթարում է պետության կայունությունը»: Նա հերքել է հայցվորի բոլոր մեղադրանքները և կոչ է արել չեղարկել այդ որոշումը, որը, ըստ նրա, առաջին հայացքից ուղղված է «Յաբլոկո»-ի դեմ, բայց այն կազդի բոլորի վրա։ «Ի վերջո, ներկայումս իշխանության ղեկին գտնվող կուսակցություններն իրենք մի օր կարող են հայտնվել ընդդիմադիր դաշտում»,- ասել է նա:
Իր խաղաղասիրական դիրքորոշման շնորհիվ «Յաբլոկո»-ն մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես երիտասարդների շրջանում: Ընդդիմադիր ուժին աջակցել են նաև արտերկրում բնակվող մի շարք հայտնի ռուս ընդդիմադիր գործիչներ, որոնք «օտարերկրյա գործակալներ» կամ «ծայրահեղականներ» են ճանաչված Ռուսաստանում։ Սակայն կուսակցությունը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի ռուս վտարանդի գործիչների հետ:
Վերջին տարիներին «Յաբլոկոյի» վարկանիշը, ըստ տարբեր հարցումների, մնացել է 1-4 տոկոս մակարդակի վրա: Սակայն ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հուլիսի 2-ին անցկացրած սոցհարցման արդյունքների՝ «Յաբլոկո»-ի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 18 տոկոսը կամ ավելի քան 20 միլիոն մարդ: Այսինքն՝ ընտրությունների մասնակցելու դեպքում կուսակցությունը Պետդումա անցնելու շանսեր ունի:
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ իշխանությունները որոշել են «Յաբլոկո»-ին դուրս թողնել ընտրապայքարից քաղաքական պատճառներով: Մասնավորապես, նրանք մտավախություն ունեն, որ հակապատերազմական արշավը կարող է գրավել ընտրողներին և վտանգի տակ դնել պատերազմի նկատմամբ համընդհանուր հանրային աջակցության նարատիվը, որն առաջ են մղում Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին պատերազմող Ռուսաստանի իշխանությունները:
Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-20-ը։ Այս պահին ԿԸՀ-ն հաստատել է տասը կուսակցության գրանցումը: