Չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից աճող ճնշմանը, որի հետևանքով ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը զրկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ընդդիմադիր ուժը հայտարարում է, որ շարունակելու է պայքարը։
Երկուշաբթի Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշել է սեպտեմբերյան ընտրություններին արգելել հետխորհրդային լիբերալ «Յաբլոկո» կուսակցության մասնակցությունը։ Կուսակցության ղեկավար Նիկոլայ Ռիբակովը Reuters-ին ասել է, որ որոշումն արտացոլում է իշխանությունների մտահոգությունը։
«Մեզ համար այժմ գոյություն ունեցող ժողովրդի աջակցությունը, որն ամբողջովին ակնհայտ է և հնարավոր չէ թաքցնել, շատ ավելի կարևոր է, քան դատարանի որոշումը», - ասել է Ռիբակովը՝ պատմելով, որ դատարանի վճռից հետո հարյուրավոր կողմնակիցներ փողոցում այնքան բարձր են գոռացել «ամոթ», որ նրանց ձայնը հստակ լսվել է դատարանի ներսում։
«Յաբլոկո»-ն բողոքարկել է Գերագույն դատարանի որոշումը։
«Ես բոլորին ասում եմ, որ սա միայն սկիզբն է, քանի որ շատ մարդիկ միայն հիմա են սկսել ուշադրություն դարձնել։ Իշխանությունները շատ կցանկանային, որ մարդիկ հիասթափվեին, որոշեին, որ իրենք մենակ են, և իրենց շուրջը չկա որևէ մեկը, ով իրենց պես է մտածում», - ասել է 47-ամյա ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ մտադիր չէ լքել Ռուսաստանը, քանի որ երկրի քաղաքական իրավիճակը հնարավոր է փոխել միայն երկրի ներսում գտնվելով։
Պատերազմի դեմ հասարակական դիրքորոշումը դժվար է գնահատել՝ այլախոհության նկատմամբ պետական խիստ վերահսկողության պայմաններում։ Սակայն Levada Center անկախ հարցումների կենտրոնի տվյալներով՝ հուլիսին ռուսաստանցիների 66 տոկոսն է հայտարարել, որ աջակցում է Ուկրաինայում իրենց զինված ուժերի գործողություններին։ Սա ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի փետրվարից ի վեր։ Levada Center-ը Ռուսաստանում ներառված է «օտարերկրյա գործակալների» ցանկում։
Ռիբակովի խոսքով՝ «Յաբլոկո»-ի կարճ մանիֆեստը, որը կոչ է անում խաղաղության և բարեկեցիկ ժողովրդավարական Ռուսաստանի ստեղծման, բազմաթիվ նոր աջակիցներ է ներգրավել՝ ցույց տալով, որ ռուսական հասարակության զգալի հատվածը ցանկանում է պատերազմի ավարտը։
«Դուք կարող եք հեռու պահել «Յաբլոկո»-ին որոշակի վայրերից, կարող եք տարբեր հարկադրանքի մեթոդներ կիրառել մեր կուսակցության անդամների և ղեկավարների նկատմամբ, բայց ոչինչ չեք կարող անել այն միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր մտածում են այնպես, ինչպես մենք»,- ասել է նա։