Մատչելիության հղումներ

ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընտրություններում «Յաբլոկո»-ի ցուցակի գրանցումը. կուսակցությունը կբողոքարկի

Ռուսաստան - «Յաբլոկո»-ի առաջնորդ Նիկոլայ Ռիբակովը Գերագույն դատարանի շքամուտքի մոտ զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 10-ը օգոստոսի, 2026թ.
Ռուսաստան - «Յաբլոկո»-ի առաջնորդ Նիկոլայ Ռիբակովը Գերագույն դատարանի շքամուտքի մոտ զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 10-ը օգոստոսի, 2026թ.

Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղարկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը: Հայցադիմումը օգոստոսի 7-ին ներկայացրել էր իշխանական և ազգայնական «Ռոդինա» կուսակցությունը, որը ևս մասնակցում է ընտրություններին: «Յաբլոկո»-ն կբողոքարկի դատարանի որոշումը:

Սեպտեմբերին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցող 11 ուժերից «Յաբլոկո»-ն միակն էր, որը դեմ է արտահայտվում Ուկրաինայում ավելի քան չորս տարի ընթացող արյունալի պատերազմին: Կուսակցությունը նաև դեմ է երկրում քաղաքական բռնաճնշումներին, որոնց համար քննադատում է իշխանություններին։

Ավելի քան հինգ ժամ տևած դատական նիստի ժամանակ կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ռիբակովն իր եզրափակիչ խոսքում դատարանին խնդրել է մերժել հայցը՝ պնդելով, որ ոչ մի օրենք չեն խախտել:

«Կարծում եմ՝ համոզիչ կերպով ապացուցեցինք, որ չենք խախտել որևէ իրավական նորմ ... «Յաբլոկո»-ի ցուցակի գրանցումը չեղարկելու պահանջով հայցը Ռուսաստանի պետական մարմինների նկատմամբ անվստահության և կոմպետենտության պակասի դրսևորում է, որոնք, ըստ հայցվորի, ի վիճակի չեն ընտրություններ անցկացնել», - ասել է կուսակցության ղեկավարը:

Ռիբակովը նաև հայտարարել է՝ ընտրություններին մասնակցելու արգելքը կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են երկխոսությունից նրանց հետ, ովքեր իրենց տհաճ հարցեր են տալիս: «Յաբլոկո»-ն կշարունակի պաշտպանել իր քաղաքական դիրքորոշումը, քանզի այն ստեղծվել է որպես մեծամասնության շահերը ներկայացնող կուսակցություն, ասել է ընդդիմադիր ուժի առաջնորդը:

«Մենք այժմ շարունակում ենք պաշտպանել Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության իրավունքները։ Որովհետև մարդկային կյանքի պահպանումը Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության շահերից է բխում», - ընդգծել է Նիկոլայ Ռիբակովը:

Նա նաև հայտարարել է, որ կուսակցության համար սկզբունքային է մնալ և աշխատել երկրում՝ պահպանելով կապն այստեղ ապրող մարդկանց հետ, որոնք, ըստ ընդդիմադիր գործչի, ցանկանում են ապրել Ռուսաստանում, սակայն չեն ուզում սպանվել Ուկրաինայում ընթացող պատերազմում։ «Յաբլոկո»-ն կանի ամեն ինչ, որպեսզի «Ռուսաստանը դառնա բարգավաճ, ժողովրդավարական պետություն», ասել է Ռիբակովը:

«Ռոդինա»-ն «Յաբլոկո»-ին մեղադրում է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված նյութերում ծայրահեղականություն դրսևորելու համար: Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու իր կոչերով կուսակցությունը, ըստ մեղադրանքի, փաստացի հրաժարվում է «ռուսական տարածքների ազատագրումից» և աջակցում ուկրաինական «նեոնացիստական ռեժիմին»: «Յաբլոկո»-ն նաև մեղադրվում է իր քարոզչական նյութերում հեղինակային իրավունքները խախտելու և սոցցանցերում դրանց տարածման համար վճարները նախընտրական հիմնադրամի միջոցով չանելու համար:

Ավելի վաղ Պետդումայի ընտրություններին մասնակցող մի քանի այլ կուսակցությունների ղեկավարներ էին մեղադրել «Յաբլոկո»-ին Ուկրաինայում պատերազմի հարցում «ոչ հայրենասիրական» դիրքորոշում ունենալու համար և պահանջել էին չեղարկել կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը:

Իր հակապատերազմական դիրքորոշման շնորհիվ «Յաբլոկո»-ն մեծ ժողովրդականություն է վայելում երիտասարդների շրջանում և առցանց տիրույթում: Ընդդիմադիր ուժին աջակցություն են հայտնել նաև արտերկրում բնակվող մի շարք հայտնի ռուս ընդդիմադիր գործիչներ, որոնք Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» կամ «ծայրահեղականներ» են ճանաչված։ Կուսակցությունը, մինչդեռ, հայտարարել է՝ ոչ մի կապ չունի ռուս վտարանդի գործիչների հետ:

Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հուլիսի 2-ին անցկացրած սոցհարցման արդյունքների՝ «Յաբլոկո»-ի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 18 տոկոսը կամ ավելի քան 20 միլիոն մարդ:

Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-20-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ գրանցել էր 11 կուսակցության նախընտրական ցուցակները։ «Յաբլոկո»-ի հետագա մասնակցությունն առայժմ հստակ չէ, քանի դեռ բողոքարկումը չի եղել: 2021-ի ընտրություններին 14 կուսակցություն էր մասնակցել:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG