Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արդարացման վերդիկտը կբողոքարկվի, «Ազատությանը» հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Դատարանն երեկ անմեղ է ճանաչել խուլիգանության մեջ մեղադրվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին:
Այս գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Քրեական վարույթը հարուցվել էր, երբ Գյումրիի երկարամյա քաղաքապետի դեմ հարուցված մեկ այլ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման գործով դատական նիստից հետո հայրն ու որդին հարցազրույց էին տվել լրագրողներին։ Նախաքննական մարմինը Ղուկասյանների խոսքում խուլիգանություն էր տեսել ու քրեական վարույթ հարուցել «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն» հոդվածով:
Ի տարբերություն հոր՝ Սպարտակ Ղուկասյանին դատարանը խուլիգանության համար նախօրեին մեղավոր ճանաչեց՝ մեղադրանքից հանելով «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման» մասը: Նրա պատժաչափը կհրապարակվի հաջորդ նիստին: Այս հոդվածով նախատեսված է տուգանքից մինչև երկու տարվա ազատազրկում։
Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ մյուս՝ կաշառքի գործով Հակակոռուպցիոնում քննվող գործի շրջանակներում։
Գյւմրիի քաղաքապետն այս պահին ևս 3 քրեական գործերով է մեղադրյալի աթոռին: Սպարտակ Ղուկասյանը հորից հետ չմնալով ևս 3 քրեական գործով է անցնում՝ շորթումից մինչև զանգվածային անկարգությունների կազմակերպում: